G7-ի ԱԳՆ ղեկավարները միասնական դիրքորոշում ունեն ռուս-ուկրաինական սահմանին ՌԴ-ին վերագրվող Զինուժի կուտակման գործում իրենց մտահոգության եւ Ուկրաինայում հնարավոր ներխուժման ժամանակ Մոսկվայի համար հետեւանքների հարցում: Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը G7 երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքում, որն ընթանում է դեկտեմբերի 11-ին ու 12-ին Լիվերպուլում, հաղորդում է Reuters-ը:
Դիվանագետի կարծիքով՝ Յոթյակի երկրների դիրքորոշումը մեծապես վերաբերում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու գործողություններին Ուկրաինայում այդ երկրի ներխուժման դեպքում: Նա նշել է, որ Լիվերպուլում անցկացված բանակցությունները լարված էին ու հավելել, որ դեռեւս գոյություն ունեն դիվանագիտական ուղիներ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության ապաէսկալացիայի համար: «Եթե նրանք [Մոսկվան] որոշեն չընդունել այդ [դիվանագիտական] ուղին, ապա դրան կհետեւեն լայնածավալ հետեւանքներն ու խիստ սահմանափակումները, եւ G7-ն ամբողջովին միասնական է այդ հարցում»,-ասել է դիվանագետը:
Յոթյակի հանդիպման ժամանակ ԱԳ նախարարները նաեւ քննարկել են Չինաստանն ու Իրանի միջուկային ծրագիրը: Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով՝ եվրոպական երկրները համաձայնվել են, որ Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ գործարքը դեռեւս հնարավոր է, սակայն ժամանակը սուղ է:





























