Ֆրանսիայի ներքին գործերի նախկին նախարար Կլոդ Գեանը բանտարկվել է Փարիզի հարավում գտնվող Սանտե բանտում անօրինական պարգեւավճարներ տալու մեղադրանքով դատարանի վճռի համաձայն, տեղեկացնում է LCI-ն։
Փարիզի Ուղղիչ դատարանը 2015թ. Ֆրանսիայի նախկին նախագահ (2007-2012թթ.) Նիկոլա Սարկոզիի մերձավորագույն զինակցին մեղավոր է ճանաչել իրեն եւ Ֆրանսիայի ՆԳՆ մյուս աշխատակիցներին ամեն ամիս անօրինական պարգեւավճարներ տալու մեջ։ Միջոցները վերցվում էին ոստիկանության ֆոնդից, որը նախատեսված է կասկածվող անձանց հետեւելու եւ նրանց դեմ քննություն վարելու գործողությունների ապահովման համար։ Գեանը ավելի վաղ, երբ ՆԳՆ-ն ղեկավարում էր Սարկոզին, զբաղեցնում էր ոստիկանության գլխավոր տնօրենի պաշտոնը եւ շատ լավ ծանոթ է դրա ֆինանսավորման մեխանիզմին։ Պարզվել է, որ 2002-2004թթ. անօրինաբար յուրացված գումարը կազմել է ընդհանուր առմամբ 210 հազար եվրո։ Ամեն ամիս ֆոնդից անլեգալ վերցվել է 10 հազարական եվրո, որոնց կեսը Գեանը պահել է իրեն, մնացածը բաժանել է իր երեք մերձավորագույն օգնականներին։
Որպես խափանման միջոց դատարանն ընտրել է երկամյա բանտարկությունը (մեկ տարի պայմանական) եւ 75 հազար եվրո տուգանքը։ Բացի այդ, նրան արգելվել է հինգ տարի զբաղեցնել պետական պաշտոններ։ 2017թ. այս որոշումը հաստատել են Վերաքննիչ, իսկ 2019թ.՝ Վճռաբեկ դատարանները։
Կլոդ Գեանը ներքին գործերի, անդրծովյան տարածքների, տեղական ինքնակառավարման եւ իմիգրացիայի նախարարի պաշտոնն զբաղեցրել է 2011-2012թթ.։





























