Ավստրալիան եւ Հարավային Կորեան պաշտպանության մասին 680 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր են կնքել, որը երկու երկրների միջեւ ամբողջ պատմության ընթացքում խոշորագույնն է դարձել:
Պայմանագրի համաձայն՝ Hanwha հարավկորեական պաշտպանական ընկերությունը ավստրալական բանակին կտրամադրի հրետանային զենք, մեքենաներ եւ ռադարներ, հաղորդում է Associated Press-ը։
«Պայմանագիրը, որը մենք ստորագրել ենք այսօր, կարծում եմ, շատ բան է ասում այն մասին, թե ինչպիսին են, մեր կարծիքով, Կորեայի պաշտպանական արդյունաբերության հնարավորությունները»,- ասել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը:
Hanwha-ի հետ պայմանագիրը Ավստրալիայում շուրջ 300 աշխատատեղ կստեղծի, հաղորդում է AP-ն։
Բացի այդ, Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի այցը օտարերկրյա առաջնորդի առաջին այցն է Ավստրալիա համավարակի սկզբից ի վեր։
Մունը եւ Մորիսոնը պայմանավորվել են ստեղծել «համապարփակ ռազմավարական գործընկերություն», ի լրումն մաքուր էներգիայի տեխնոլոգիաների վրա համատեղ աշխատանքի եւ կարեւոր օգտակար հանածոների մատակարարման հեշտացման:





























