ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դիմել է Սենատին դեսպանների պաշտոններում թեկնածուների հաստատումն արագացնելու կոչով՝ հայտարարելով, որ տեղերում դեսպանների միայն ոչ մեծ մասի առկայությունը խանգարում է արտաքին քաղաքական խնդիրների լուծման ջանքերին, տեղեկացնում է Reuters-ը։

«Սա հսկայական խնդիր է»,- ասել է Բլինքենը Ջակարտայի մամուլի ասուլիսում, Հարավարեւելյան Ասիայի երկրներում շրջագայության շրջանակում։

Նրա խոսքով՝ անցած շաբաթ Բայդենի վարչակազմի դեսպանների միայն 16 տոկոսն է հաստատվել՝ վերջին երեք վարչակազմերի 70-90 տոկոսի համեմատ։ «Եվ գրեթե ամեն մի խնդրի, որին բախվում ենք, ներառյալ Ռուսաստանի, Չինաստանի հետ հարաբերությունները, ոչ պետական գործոնները, խանգարում է այն փաստը, որ մենք տեղերում չունենք ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության գծով մեր լիարժեք թիմը»,- ասել է Բլինքենը։

Նա ավելացրել է, որ խնդրի մասին խոսել է Սենատի մեծամասնության ղեկավար Չաք Շումերի հետ։ «Հանուն մեր ազգային անվտանգության Սենատը պետք է գործի»,- ասել է նա։