Ավստրիացի բարձրաստիճան քաղաքական գործիչները ներկա չեն լինի Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին, բայց դա կապված է Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների հետ եւ դիվանագիտական բողոք չէ, տեղեկացնում է AP-ը։

Կանցլեր Կառլ Նեհամերի մեկնաբանությունները հնչեցին այն բանից հետո, երբ Ավստրիայի եւ Եվրամիության մի շարք այլ երկրների արտաքին գործերի նախարարները հասկանալ տվեցին, որ առանձնակի ցանկություն չունեն միանալու Պեկինի Օլիմպիական խաղերը դիվանագիտական  բոյկոտի ենթարկելու ԱՄՆ նախաձեռնությանը։

«Մենք դեմ ենք խաղերի քաղաքականացմանը եւ կհամակարգենք ԵՄ մեր գործողությունները»,- ասել է Նեհամերը։ «Ավստրիացի բարձրաստիճան քաղաքական գործիչները չեն այցելի Չինաստան՝ ներկա գտնվելու Օլիմպիական խաղերին»,- ասել է նա։ «Բայց դա դիվանագիտական բողոք կամ բոյկոտ չէ, դա կապված է միայն այն բանի հետ, որ Չինաստանում COVID պահանջները շատ խիստ են»։ «COVID համավարակի պատճառով քաղաքական գործիչները չեն կարող Չինաստանում անձամբ հանդիպել իրենց երկրի մարզիկներին,- ավելացրել է նա։- Այսպիսով, ավստրիացի քաղաքական գործիչների կամ դիվանագետների համար, Չինաստան գնալու հարկ չկա, իմաստ չունի տեսակապով խոսել մեր մարզիկների հետ այնտեղ, ես գերադասում եմ անձամբ հանդիպել մեր մարզիկների հետ Վիեննայում»։