ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ընթացիկ գագաթաժողովի և Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպան վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ:

«ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը և Եվրոպական երկրներում գործող իր հանձնախմբերը, որպես Եվրոպական Միության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Եվրոպական Խորհրդի նախագահին կոչ են անում․

-վերահաստատել ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և հիմնարար սկզբունքներին, ներառյալ Արցախի/ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքը,

-որդեգրել հստակ դիրքորոշում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ադրբեջանական շարունակվող սադրանքների անընդունելիության վերաբերյալ,

-կոչ անել Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ և ամբողջությամբ դուրս բերել իրենց զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից,

-կոչ անել Ադրբեջանի իշխանություններին ձեռնամուխ լինել հայկական բնակավայրերի շուրջ, այդ թվում՝ Արցախում, ապառազմականացված անվտանգության գոտու ստեղծմանը,

-Արձանագրել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանազատման որևէ գործընթաց չի կարող պարտադրվել ուժի կիրառմամբ, մարդու իրավունքների ոտնահարմամբ՝ ի հաշիվ Հայաստանի ազգային անվտանգության և կանխորոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ ադրբեջանական պահանջների համատեքստում,

-ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել հայ ռազմագերիներին և պահվող անձանց,

-ընդգծել, որ 2020 թվականի պատերազմի արդյունքում ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումները հանդուրժելի չեն,

-փաստել, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի կողմից սանձազերծված պատերազմը, վարձկան ահաբեկիչների տեղակայմամբ, չի կարող հանգեցնել Հայաստանի Հանրապետության տարածքով հատուկ կարգավիճակ ունեցող որևէ տրանսպորտային կապի սահմանմանը` ի հաշիվ Հայաստանի անվտանգության և տնտեսական շահերի,

-Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում գործադրել՝ դադարեցնելու Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության յուրացման և/կամ ոչնչացման քաղաքականությունը,

-Ադրբեջանի իշխանություններին կոչ անել դադարեցնել հայատյացության և պատերազմական հռետորաբանության քաղաքականությունը»:

Հիշեցնենք, որ Բրյուսելում Երեւանի ժամանակով 22:00-ից մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպումը: Հավելյալ տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվում: