ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը Սենատից հետո աջակցեց երկրի պետական պարտքի շեմի` 2.5 տրլն դոլարով բարձրացմանը՝ մինչեւ 31.4 տրիլիոն դոլար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով C-Span հեռուստաալիքը:
Նախաձեռնությանն աջակցել է 221 կոնգրեսական, դեմ` 209։ Դրա հաստատման համար, ըստ օրենսդիրների ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների, անհրաժեշտ էր ձայների պարզ մեծամասնությունը։ Դեմոկրատներն այն ունեն ինչպես Սենատում, այնպես էլ Ներկայացուցիչների պալատում։
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը հաստատել էր նշված օրինագիծը։ Սպասվում է, որ այն շուտով կուղարկվի նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրության համար։ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ավելի վաղ կոչ էր արել օրենսդիրներին ընդունել պարտքի շեմի մասին օրինագիծը, հակառակ դեպքում դեկտեմբերի 15-ից հետո կարող է դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցների պակաս լինել:
Հոկտեմբերի 14-ին Բայդենը հաստատեց պետական պարտքի շեմի բարձրացումը 480 միլիարդ դոլարով՝ մինչեւ 28.9 տրիլիոն դոլար, որը, ինչպես նախկինում նշել են ֆինանսների նախարարությունը, կծածկի ծախսերը մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 3-ը։ Համապատասխան նախաձեռնությունը հավանության է արժանացել Կոնգրեսի երկու պալատների կողմից։
Սեպտեմբերի վերջին Ներկայացուցիչների պալատը կարողացավ հաստատել պետական պարտքի սահմանաչափի կասեցումն ավելի երկար ժամկետով՝ մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 16-ը։ Օրինագիծը պետք է քննարկեր Սենատը, սակայն ամերիկյան լրատվամիջոցները կանխատեսում էին, որ այն այնտեղ չի հաստատվի հանրապետականների հակազդեցության պատճառով, որոնք խոստանում էին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները նախաձեռնությունն արգելափակելու համար։ Նրանք պնդում էին, որպեսզի Բայդենը եւ դեմոկրատները կրճատեն պետական ծախսերը կամ այլ միջոցներ ձեռնարկեն պարտքը նվազեցնելու համար: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սենատի դեմոկրատներն ու հանրապետականները ժամանակավոր պայմանավորվածություն են ձեռք բերել մինչեւ դեկտեմբերի սկիզբ պետական պարտքի շեմը բարձրացնելու մասին։ Ընդ որում, Սենատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը (Կենտուկիից) հայտարարել է, որ վերին պալատի իր կուսակիցներն այլեւս չեն օգնի դեմոկրատներին, երբ երկրի պետական պարտքը կրկին հասնի իր սահմանագծին։




























