Թուրքիան հավատարիմ իր մշտական գործելաոճին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում բանագնաց է նշանակել Հայոց ցեղասպանության ժխտման գործում մեծ աշխատանք իրականացրած Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայի կողմից նշանակված բանագնացը լուրջ ազդակ պետք է լինի Հայաստանի իշխանությունների համար, քանի որ նա դեռեւս 2014–ին՝ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին ընդառաջ նշանակվել էր ԱՄՆ–ում դեսպան՝ կանխելու Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված գործընթացները։

«Այսինքն, Թուրքիան բանագնաց է նշանակել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պրոֆեսինոալ պայքար մղած, ԱՄՆ–ում հակահայկական ցույցեր կազմակերպած, ԱՄՆ  Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչող բանաձեւերի ընդունման դեմ պայքարած եւ հակահայկական գործունեություն ծավալող  ԱՄՆ Կոնգրեսի թուրք լոբբիստներին համակարգած դիվանագետին»,–նշեց Իսպիրյանը՝ շեշտելով, որ փաստացի Թուրքիան այս նշանակումով բացահայտ ցույց է տալիս, թե ինչ գծով է ընթանալու հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Նշենք, որ Սերդար Քըլըչը ծնվել է 1958 թվականին, Սեւծովի ափին գտնվող Սամսուն քաղաքում։ Աշխատել է Թուրքիայի տուրիզմի նախարարությունում, Ազգային անվտանգության խորհդում,  արտաքին գործերի նախարարությունում,  եղել տարբեր երկրներում Թուրքիայի դեսպան։  2014-2021 թվականներին հանդիսացել է ԱՄՆ–ում Թուրքիայի դեսպանը։   Հետ է կանչվել  Անկարա 2021 թվականի փետրվարի 23–ին։ Ամուսնացած է, ունի 3 երեխա։