Հայտնի ռուս գործարար, ՌՈՒՍԱԼ-ի տեր (Հայաստանում գործում է այդ կազմակերպության դուստր ԱՐՄԵՆԱԼ-ը) Օլեգ Դերիպասկային կասկածում են 2001-2004թթ. ռուսական մաֆիայի միջոցով 4 մլն եվրո «լվանալու» գործում մասնակցություն ունենալու համար։ «Վեդոմոստ»-ը՝ վկայակոչելով «El Mundo» թերթը, գրում է, որ գործի հետաքննությամբ զբաղվում են իսպանական իրավապահ մարմինները։

Դերիպասկի «Օսա» ծածկանվան տակ գտնվող հետաքննական գործը քննում է հայտնի իսպանացի դատավոր Բալտասար Գարսոնը։ Սպասվում է, որ նա դեկտեմբերին կժամանի Մոսկվա՝ գործարարի հետ զրուցելու համար։

Գործարարի ներկայացուցիչը պարզաբանել է, որ Դերիպասկան վկայություն տալու համար պաշտոնական հրավեր չի ստացել, գրում է «K2Kapital.com»-ը։ Նրա խոսքով՝ վերջերս Դերիպասկային հայտնի է դարձել, որ Իսպանիայում գործընթացի շրջանակներում իր անունն է հիշատակվել, այդ պատճառով էլ ստիպված դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազություն, որպեսզի նրանք պարզաբանեն այդ տեղեկությունները, եւ պատրաստակամություն է հայտնել պատասխանել իսպանական արդարադատության ներկայացուցչի յուրաքանչյուր հարցի։ Գլխավոր դատախազության ներկայացուցիչները չի կարողացել այն մեկնաբանել։

Հատկանշական է, որ դատավոր Գարսոնի շնորհիվ մեծ հնչեղությամբ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, որտեղ հիմնական դերակատարներ են եղել, օրինակ՝ Աուգուստո Պինոչետը, Սիլվիո Բերլուսկոնին եւ ռուսական «տամբովյան» հանցագործ խմբի անդամները։