ՀՀ իշխանությունը ոչինչ չի ասել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Այս մասին խոսում է միայն մեկ մարդ՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։ Այս մասին դեկտեմբերի 20-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորի խոսքով՝ սա վկայում է միայն այն մասին, որ այսօր օրակարգ է թելադրում Անկարան։ «Հայաստանի իշխանությունը չափազանց իներտ է իրեն պահում Թուրքիայի հետ ծրագրվող երկխոսության գործընթացում։ Դեռ այս տարվա օգոստոսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հայաստանին մի շարք նախապայմաններ էր առաջադրել, այդ թվում հարցեր՝ կապված ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայոց ցեղասպանության հետ»,-նշեց Մանուկյանը։ 

Նա նաեւ հիշեցրեց, որ մի քանի օր անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դրական ազդանշան է ստացել Թուրքիայի կողմից։ «Այս փաստը հստակեցնելու՝ հայ պատգամավորների առաջարկին արձագանք չի եղել»,-նշեց Մանուկյանը։

Ավելին, նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կառավարության ծրագրում նշված ձեւակերպումը պաշտոնական Անկարայի կողմից ընկալվել է որպես վերը նշված նախապայմաններից մեկի կատարման փորձ։ «Թուրքիան հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է բացառվի օրակարգից։ Դեկտեմբերի 9-ին Ցեղասպանության հանցագործությունների զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարության ավանդական հայտարարության մեջ խոսք չկար Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին։ Ստացվում է, որ Անկարայի կողմից ավելի վաղ առաջադրված նախապայմաններն իրականացվում են»,-եզրափակեց Գեղամ Մանուկյանը։