Բոլորին է հայտնի, որ վերջին տասնամյակում Ռուսաստանից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ներհոսքը Հայաստան զգալիորեն նվազել է։ Նշենք, որ դրամական փոխանցումների վիճակագրությունը հաշվարկվում է ԱՄՆ դոլարով, թեեւ Ռուսաստանից փոխանցումները կարող են իրականացվել նաեւ ռուբլով։ Ռուսաստանում ԱՄՆ դոլարի բազմակի ամրապնդումը հանգեցրել է համաշխարհային այս արժույթով փոխանցումների գնահատված գումարի կրճատմանը։

Ռուսական ռուբլու հաշվարկով՝ Ռուսաստանից Հայաստան փոխանցումների դինամիկան էական փոփոխությունների չի ենթարկվել։

Ռուսական վիճակագրությունը փոխանցումների մասին ավելի շատ տեղեկատվություն է տալիս, քան Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակումները։ Ուստի ներկայացնում ենք ռուսական կողմի տվյալները։

Նախ նշենք, որ Հայաստանը բնակչության թվով զիջում է ԱՊՀ մյուս բոլոր երկրներին, բացառությամբ Մոլդովայի։ Սակայն Ռուսաստանից փոխանցումների բացարձակ գումարով մեր երկիրն այս վարկանիշում զբաղեցնում է միջին տեղերը։ Հետեւյալ գրաֆիկում բերված են Ռուսաստանից ԱՊՀ երկրներ մասնավոր փոխանցումների գումարները 2021 թվականի 3-րդ եռամսյակում։

Մոտավորապես նույն պատկերն է Ռուսաստան փոխանցումների դեպքում։ Ինչպես ենթադրվում է, այդ դրամական փոխանցումների մի զգալի մասն իրականացվում է կոմերցիոն նպատակներով: Բացի այդ, Ռուսաստանից բարձր վարձատրվող մասնագետները, որոնք աշխատում են ռուսական կապիտալով առեւտրային ընկերություններում, իրենց վաստակի մի մասը փոխանցում են հայրենիքում մնացած իրենց ընտանիքներին։

Բացի այդ, Ռուսաստան արտագաղթած (Ռուսաստանի քաղաքացիություն ընդունած) Հայաստանի բնակիչներն այս երկրում իրենց հաշվեհամարին փոխանցում են արդեն նախկին հայրենիքում շարժական եւ անշարժ գույքի վաճառքից ստացված գումարները։ Հասկանալի է, որ ավելի ապահով է մեծ գումարները բանկերի միջոցով փոխանցելը, քան իրենց հետ տանելը։ Իհարկե, թվարկվածներով փոխանցումների նպատակները չեն սահմանափակվում։

Ռուսաստանից Հայաստան գումարի մեկ փոխանցման միջին չափը սովորաբար կազմում է 200-300 ԱՄՆ դոլար։ Վերջին տասը տարիների ընթացքում 400 դոլարի նշաձողը միայն էպիզոդիկ է գերազանցվել (2011թ.): Սա հասկանալի է՝ Հայաստան գումարներ հիմնականում փոխանցում են մեր աշխատանքային միգրանտները՝ իրենց ոչ այնքան բարձր վաստակից։ Միջին ցուցանիշով այս տարվա 3-րդ եռամսյակում Հայաստանը ԱՊՀ երկրների վարկանշային աղյուսակի առաջին եռյակում էր՝ զիջելով միայն Ուզբեկստանին ու Ուկրաինային։

Նկատելիորեն բարձր է Հայաստանից Ռուսաստան փոխանցումների միջին ցուցանիշը։ Այս վարկանիշում մեր երկիրը 3-րդ եռամսյակում ԱՊՀ-ում երկրորդ տեղն է զբաղեցրել՝ Ղրղըզստանից հետո։ Միջին համեմատաբար բարձր ցուցանիշը պայմանավորված է դեպի Ռուսաստան փոխանցումների վերը նշված նպատակներով։ Հասկանալի է, որ բացարձակ թվով կոմերցիոն նպատակներով Ռուսաստան փոխանցման միջին չափը շատ ավելի մեծ կլինի, քան աշխատանքային միգրանտի կողմից Հայաստան փոխանցումը։ Իսկ Հայաստանում ռուս մասնագետների բարձր աշխատավարձերը նույնպես չափերով համեմատելի չեն Ռուսաստանում մեր աշխատողների վաստակի հետ։

Աշխատանքային միգրացիան, հատկապես Ռուսաստան, փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել։ Անցյալ տարվա տվյալներով՝ Հայաստանում տնային տնտեսությունների եկամուտների 5%-ն ապահովվել է արտերկրներից կատարված փոխանցումներով (նախորդ տարում այս ցուցանիշն ավելի բարձր է եղել՝ 8,7%)։ Սա, միջին հաշվով, ստացված գումարի բաշխմամբ երկրի ողջ բնակչության վրա։ Հայաստանի Կենտրոնական բանկի վաղուցվա հաշվարկներով՝ հարցված ընտանիքների մոտ 40%-ը դրամական փոխանցումներ է ստացել արտասահմանից։ Ընդ որում, այդ փողերի զգալի մասը բաժին է ընկնում Ռուսաստանին։

Ռուսաստանից կատարվող դրամական փոխանցումների մասշտաբների ու նշանակությամ մասին կարելի է դատել դրանց արժեքը պետական բյուջեի հետ համեմատելով։ Մեր երկրի համար համեմատաբար «հանգիստ» 2019 թվականին Ռուսաստանից փոխանցումների գումարը, Հայաստանի պետբյուջեի եկամուտների չափի համեմատ, գերազանցել է 32%-ը։

Այժմ ինֆլյացիան հանգեցրել է մեր երկրում աղքատության (նաեւ տրիվիալ աղքատության) մասշտաբների ընդլայնման։ Այս դժվարին պայմաններում միայն արտասահմանից եկող դրամական օգնությունն է հնարավորություն տալիս տասնյակ հազարավոր ընտանիքների գոյատեւել։ Ուստի երկրի իշխանությունները պետք է նման միջոցներ ձեռնարկեն Ռուսաստանում սեզոնային աշխատող մեր միգրանտներին կազմակերպված աշխատանքի տեղավորելու համար, ինչպես դա անում են ԱՊՀ առանձին երկրներ։

Սովորական իրավիճակ է՝ Հայաստանի բնակիչը Ռուսաստան մուտք գործելիս եւ աշխատանք որոնելիս խնդիրներ է ունենում։ Սա կարող է հանգեցնել նրա կողմից Ռուսաստանի քաղաքացիություն ընդունելու որոշման՝ այս հավերժական արգելքները հաղթահարելու համար: Մինչդեռ պետության կողմից կազմակերպվող սեզոնային աշխատանքային միգրացիան ի վիճակի է հաջողությամբ լուծել նման խնդիրները։ Այս դեպքում արտագաղթի վերը նշված պատճառը կարող է կորցնել իր նշանակությունը։

Սմբատ Գրիգորյան