ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն այսօր չի իրականացվում։ Այս մասին դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով` վերջին 25 տարիների ընթացքում Թուրքիան երբեք չի մասնակցել Ղարաբաղի շուրջ բանակցություններին։
«Անկարայի ցանկացած նման փորձ Հայաստանի դիվանագիտական հակազդեցության է հանդիպել։ Այդուհանդերձ, ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում Թուրքիան գործընթացի անմիջական մասնակից դարձավ։ Անցած երեք տարիների հայտարարությունները` թե Անկարան չի միջամտելու գործընթացին, Հայաստանի իշխանությունների քաղաքական անհեռատեսության հետեւանք են»,- համոզված է Մանուկյանը։



























