Ստամբուլի ֆոնդային բորսան երեքշաբթի հերթական անգամ դադարեցրել է աշխատանքը՝ հիմնական ֆոնդային ինդեքսի կտրուկ անկման պատճառով թուրքական լիրայի փոխարժեքի անկայունության ֆոնին, հայտնում է «Փրայմ»-ը։

Բորսան հայտարարել է, որ հիմնական ֆոնդային ինդեքսի ավելի քան 5 տոկոսով անկումից հետո գործարկվել է աճուրդների ավտոմատ կասեցման համակարգը։ Աճուրդները վերսկսվել են կես ժամից։ Ուրբաթ եւ երկուշաբթի օրերին բորսան նույն պատճառով դադարեցրել էր աշխատանքը մեկ ժամով։

Թուրքական արժույթը երեքշաբթի ավելի վաղ ամրապնդվել էր 1.5 անգամ՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 11-12 լիրաի՝ նախորդ օրվա մինչեւ 18.4 լիրա ռեկորդային անկումից հետո, սակայն այնուհետեւ դրա անկումը շարունակվել էր մինչեւ 13.5 լիրա դոլարի դիմաց։ Լիրայի կտրուկ աճը սկսվել էր նախորդ գիշեր` այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց փոխարժեքի անկայունությանը հակազդելու նոր միջոցների մասին: Մասնավորապես, նա ասել էր, որ կառավարությունը կխրախուսի ավանդները լիրայով՝ փոխհատուցելով քաղաքացիների` փոխարժեքի անկայունության պատճառով կրած վնասները։

Թուրքական արժույթը հունվարին վաճառվում էր մեկ դոլարի դիմաց 7.4 լիրա փոխարժեքով, իսկ պատմական նվազագույնին հասնելու պահին անկում էր ապրել 60 տոկոսով, իսկ արժեքի ավելի քան 40 տոկոսը կորցրեց վերջին ամսվա ընթացքում։ Թուրքիայի կենտրոնական բանկը դեկտեմբերի 16-ին որոշում կայացրեց տոկոսադրույքը 15 տոկոսից իջեցնել մինչեւ 14 տոկոս, ինչը լիրայի կտրուկ անկման հանգեցրեց:

Էրդողանը կողմ է տոկոսադրույքների կրճատմանը` պնդելով, որ դա գնաճի նվազման կհանգեցնի։ Նա 2019 թվականի հուլիսից երեք անգամ փոխել է Կենտրոնական բանկի ղեկավարին, իսկ 2021 թվականի նոյեմբերից երկու անգամ՝ ֆինանսների նախարարին։ Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն Էրդողանին մեղադրել էին տնտեսական ոչ կոմպետենտության մեջ եւ կոչ էին արել արտահերթ ընտրություններ անցկացնել։ Թուրք առաջնորդը մերժել էր կոչը՝ ասելով, որ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում, նախատեսվածի համաձայն, տեղի կունենան 2023 թվականի հունիսին: