Այս երեք տարվա ընթացքում Երեւանի եկամուտներն աճլ են մոտ 12 մլրդ դրամով, դրանք հիմնականում աճել են գույքային մուտքերի աճով պայմանավորված: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը:

«Բոլորդ էլ գիտեք, որ Հայաստանում մեքենաների ներկրման բում է տեղի ունեցել, գրեթե կրկնապատկվել է մեքենաների քանակը այս տարիներին, մանավանդ 2019-ին ու 2020-ի սկզբին: Նույնը կարող եմ ասել անշարժ գույքից եկող եկամուտների մասին, եւ այդ աճը շարունակական է լինելու: Եթե հանում ենք այդ երկու գործոնները, որոնք քաղաքապետարանի աշխատանքով չի պայմանավորված, ապա կտեսնենք, որ տակը մնում է մոտ 2 մլրդ դրամի աճ: Այստեղ էլ եթե մանրանանք, կհասկանանք, որ աճը տեղի է ունեցել գույքի կադաստրային արժեքի բարձրացման արդյունքում, հարց կառաջանա, բա քաղաքապետարանն ի՞նչ ինստիտուցիոնալ փոփոխություններ արեց, որ սեփական եկամուտներն աճեցին։ Այսինքն, գործընթացի ամենամեծ բաժինը կապ չունի մեր գործառույթների հետ։ Եկամուտների հավաքագրման մասով որևէ ինստիտուտցիոնալ փոփոխություն չի արվել»,-ասաց խմբակցության քարտուղարը։

Նա հավելեց, որ 2019ճ-ից արդեն Երեւանի գործադիր իշխանության հետ ավագանու աշխատանքը չէր ստացվում. «Հասկանալով, որ այս ձեւաչափով ուղղակի անհնար է շարունակել առաջ, մենք կանգնել ենք այս ընտրության առջեւ: Սա բխում է եւ երեւանցու շահերից, եւ ավագանու շահերից, եւ պարոն Մարությանի շահերից»:

Նշենք, որ Երեւանի ավագանին այսօր՝  դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երեւանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով: Այդ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը:

Բացի այդ, «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի անդամներ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը եւ վայր դրել մանդատները: