Հայաստանում այլեւս հնարավոր չի լինի օրինականացնել ինքնակամ շինարարությունը: Համապատասխան օրենքն ընդունվել է հանրապետության Ազգային ժողովի վերջին նիստին։ Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը։
Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ նոր օրենքն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց հետո։ «Դրանից հետո Հայաստանում կարգելվի ինքնակամ շինություններ կառուցել՝ այն հույսով, որ հետագայում դրանք կարող են օրինականացվել։ Խոսքը նաեւ անավարտ շինությունների մասին է։ Նոր օրենքով նրանց կարգելվի ավարտին հասցնել շինարարությունը»,- պարզաբանեց Դադունցը՝ նշելով, որ հետագա խախտումները կարող են ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվության հանգեցնել:
Ընդ որում, պատասխանատվության կենթարկվեն նաեւ հանրապետության այն համայնքների ղեկավարները, ովքեր այս կամ այն պատճառով չեն ապահովել սույն օրենքի կիրարկումը կամ բավարար չափով չեն կատարել այն։ Ըստ Դադունեցի՝ համայնքների ղեկավարներն ու քաղաքների քաղաքապետերն ունեն բոլոր անհրաժեշտ լիազորությունները՝ այս օրենքի կիրարկումն ապահովելու համար:
«Եթե համայնքի ղեկավարը չկատարի տեսչական մարմնի պահանջը, որը որոշում է կայացրել՝ ապամոնտաժման ենթարկել օրենքով նախատեսված շենքերը, կարող է պատասխանատվության ենթարկվել, այդ թվում՝ քրեական պատասխանատվության։ Այդ դեպքում ապօրինի կառուցված շինության ապամոնտաժման գործառույթները կստանձնի տեսչական մարմինը։ Այս գործընթացի իրականացմանը կաջակցի ծառայությունը, որն ապահովում է այդպիսի որոշումների կատարումը։ Միաժամանակ բոլոր ծախսերը կգանձվեն այն քաղաքացու միջոցներից, ով կանգնեցրել է այդ ապօրինի շենքը կամ շինությունը»,- ասաց հիմնադրամի ղեկավարը։
Սակայն նոր կարգավորումը չի ազդի այն ապօրինի շինությունների վրա, որոնք կառուցվել են մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը։ Այսպիսով, այս կատեգորիայի հետ կապված խնդիրները կլուծվեն շինարարության պահին գործող կանոնակարգերի համաձայն:
Որպեսզի առկա շենքերը հետագայում օրինականացվեն, անհրաժեշտ կլինի դրանք գրանցել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում։ Այդտեղ կգործի երկու ռեժիմ: Առաջինը վերաբերում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո կառուցված շենքերին, երկրորդը՝ մինչեւ նշված ժամկետը։ Երկրորդ դեպքում արդեն երեք ռեժիմ կա. Երեւանի դեպքում ապօրինի շինությունները պետք է գրանցվեն մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը, այլ քաղաքների դեպքում՝ մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղերի դեպքում՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը։
Ինչ վերաբերում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո կառուցված շենքերին, ապա կարգի մասին որոշումը կհաստատի ՀՀ կառավարությունը։ Այնուհետեւ իշխանությունները երկու ամիս ժամանակ կտան ապօրինի շինությունների նշված կատեգորիան գրանցելու համար։ Այդ դեպքում Կառավարության որոշումը կկայացվի նոր կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում։
Դադունցը քաղաքացիներին կոչ արեց պահպանել օրենքով սահմանված ժամկետները եւ բաց չթողնել իրենց հնարավորությունը, քանի որ երկրորդ հնարավորություն այլեւս չի լինելու։
Իր հերթին, ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի եւ հողաշինարարության կառավարման վարչության պետ Գեւորգ Մանուկյանն ասաց, որ վարչությունն ունի հանրապետության տարածքում մինչեւ այս տարի կառուցված ապօրինի շինությունների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տվյալները։ «Հանրապետության տարածքում ապօրինի կառուցված շենքերի եւ շինությունների հաշվառմամբ կզբաղվեն Կադաստրի կոմիտեի կողմից լիցենզավորված փորձագետները»,- պարզաբանեց Մանուկյանը։





























