TikTok սոցիալական ցանցը դարձել է ամենաշատ այցելվող ինտերնետային ռեսուրսը 2021 թվականին՝ հետ թողնելով անցյալ տարվա առաջատարին՝ Google-ի կայքը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Cloudflare-ի տվյալները, որը ծառայություններ է մատուցում ինտերնետում քոնթենթի մատակարարման եւ տարածման համար։
Պարբերականի տվյալներով՝ TikTok-ը վարկանիշում առաջատար դիրքեր էր սկսել զբաղեցնել դեռ այս տարվա փետրվարին։ Օգոստոսին սերվիսի ժողովրդականությունը սկսեց աճել։
Ընկերությունից պարզաբանել են, որ հաշվի են առնվել ինչպես օգտատերերի այցելությունները, այնպես էլ սոցցանցի հավելվածի օգտագործումը նրանց կողմից։ Նշվում է, որ անցյալ տարի Cloudfare-ը TikTok-ին տվել էր միայն յոթերորդ տեղը վարկանիշում։ Բայց քանի որ ընկերությունը սկսել է հետեւել ինտերնետ տրաֆիկին միայն 2020 թվականի սեպտեմբերին, վարկանիշը ցույց է տվել տրաֆիկի արդյունքներն ընդամենը չորս ամսվա կտրվածքով:
Թերթին հասանելի դարձած տվյալների համաձայն՝ TikTok հավելվածի ալգորիթմների շնորհիվ անչափահասները կարող են թմրանյութերի, ուտելու սովորությունների խանգարումների եւ սեքսի հետ կապված բացասական ազդեցություն ունեցող քոնթենթ օգտագործել։ Սոցցանցի ադմինիստրացիան այս թեմայով հրապարակմանը դեռ մեկնաբանություն չի տրամադրել։
Չինական TikTok սոցցանցը, որը թույլ է տալիս կարճ տեսանյութեր ներբեռնել, գործարկվել է 2018 թվականի կեսերին։ Այն պատկանում է ByteDance-ին, որը հիմնադրվել է 2012 թվականին։





























