ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը տուժող է ճանաչվել սահմանը հատելն արգելելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբանն Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանին՝ ՀՀ պետական սահմանը հատելը չթույլատրելու առթիվ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով իրավական գնահատականի արժանացնել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների գործողությունները, սակայն եւ ՀՀ գլխավոր դատախազությունը, եւ առաջին ատյանի դատարանը գտել էին, որ ներկայացված հաղորդումը չի պարունակում կոնկրետ տվյալներ՝ հանցագործության հատկանիշների մասին։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Արմեն Գեւորգյանի փաստաբանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը բավարարվել էր եւ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցվել՝ վերացնել Արմեն Գեւորգյանի իրավունքների խախտումը։ Սակայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք էր ներկայացրել, ինչը վարույթ չէր ընդունվել։
Նախաքննական մարմինն էլ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում էր կայացրել։ Սակայն փաստաբանը կարճման որոշման դեմ բողոք էր ներկայացրել, ինչը դատախազի կողմից բավարարվել էր։





























