Ռուսական հանրությունը բարոյապես պաշտպանված է արևմտյան գենդերային «խավարամտությունից»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես պահպանում եմ ավանդական մոտեցումը, որ կինը կին է, իսկ տղամարդը` տղամարդ: Մայրը մայր է, հայրը՝ հայր: Եվ ես հույս ունեմ, որ մեր հասարակությունը ներքին բարոյական պաշտպանվածություն ունի՝ թելադրված Ռուսաստանի Դաշնության ավանդական հավատով»,-ասել է նա։
Պուտինը նշել է, որ ռուսական հասարակության յուրահատկությունն ու ուժն այն է, որ պետությունը ձևավորվել է որպես բազմադավանական և բազմազգ պետություն։ «Եվ մենք սովորել ենք հարգել միմյանց։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նաև նշանակում է հարգել մեր ավանդական հոգևոր մշակույթի հիմքերը։ Ռուսաստանի Դաշնության բոլոր ժողովուրդներն ունեն որոշակի ներքին բարոյական պաշտպանություն այնպիսի խավարամտությունից, որի մասին դուք հենց նոր խոսեցիք»,-ասել է Պուտինը՝ պատասխանելով արևմտյան հասարակության նոր արժեհամակարգի մասին լրագրողի հարցին։
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կինն ու տղամարդը նույնն են, ապա, ի սեր Աստծո, բայց կա առողջ դատողություն»,-ասել է Պուտինը:
Նախագահը օրինակ է բերել ԱՄՆ-ում մի դեպք, երբ բռնաբարության համար պատիժ կրող հանցագործն իրեն հայտարարել է կին, ապա կանանց բանտ տեղափոխվելուց հետո նույն հանցանքը գործել։
Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանի ժողովուրդները «բավականաչափ ներքին, խորը, իմունային համակարգեր կունենան՝ պաշտպանվելու այդ խավարամտությունից»։




























