Վարչական դատարանը, դատավոր Հրաչ Այվազյանի դեմքով, միացավ իրավական բանդիտիզմին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Սույն դատավորը Վանաձորի ավագանուն ապօրինաբար արգելել է այսօր ընտրել համայնքի ղեկավար»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 24-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր համայնքի ղեկավար, սակայն այն չկայացավ: Համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ընթերցեց վարչական դատարանի որոշումը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով:

Բացի այդ, պարզվեց, որ ավագանու 33 անդամից նիստին ներկայացել էր 16-ը, ինչը նշանակում է, որ նիստն իրավազոր չէ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել էր 5-ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը» (15 մանդատ), երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է  (9 մանդատ), երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը (5 մանդատ), իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք» (2 մանդատ),  եւ «Ապրելու երկիր» (2 մանդատ) կուսակցությունները:

Դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու  առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականացվում։