Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Բաքու:

Հայաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխարտգործնախարարը հոկտեմբերի 22-ին կմասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների խորհրդի 21-րդ հանդիպմանը, որը կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաքում:

ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը նախորդելու է գլխավոր պաշտոնատարների հանձնաժողովի նիստը, որը կայանալու է հոկտեմբերի 20-21-ը։

Հիշեցնենք, որ ՍԾՏՀԿ-ն միջկառավարական կազմակերպություն է, որը միավորում է 12 պետություններ՝ սեւծովյան տարածաշրջանից եւ Հարավային Բալկաններից՝ Ադրբեջան, Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Հունաստան, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան, Ռումինիա, Սերբիա, Թուրքիա եւ Ուկրաինա: ՍԾՏՀԿ-ն հիմնադրվել է 1999թ. մայիսի 1-ին, ներկայումս կազմակերպությունում նախագահում է Ադրբեջանը, բայց նրա լիազորություններն ավարտվում են հոկտեմբերի 31-ին: