Նախարար. ՀՀ իշխանությունները ԼՂՀ բնակիչներին օգնելու ծրագրեր կիրականացնեն նաեւ 2022 թվականի առաջին եռամսյակում

Հայաստանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության հիմնական երաշխավորը մնալ: Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ամփոփելով իր ղեկավարած գերատեսչության այս տարվա գործունեության արդյունքները։

Նախարարի խոսքով` 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի կառավարությունն ավելի քան քսան տարբեր ծրագրեր է իրականացրել Ղարաբաղում եւ դրա բնակիչների համար։

«Խոսքը սոցիալական աջակցության, բնակարանով ապահովելու, աշխատանք գտնելու մասին է։ Ավելին, մենք արդեն սկսել ենք մտածել նաեւ զարգացման ծրագրերի կազմակերպման մասին։ Այդ ծրագրերը մեզ թույլ տվեցին հաղթահարել 2020 թվականին սկսված պատերազմի պատճառով առաջացած մի շարք խնդիրներ։ Ուրախ եմ նաեւ հայտնել, որ Ղարաբաղի բնակիչների ավելի քան 80 տոկոսը վերադարձել է հայրենիք։ Այնուամենայնիվ, նրանց մի մասը դեռ Հայաստանում է, եւ մենք շարունակում ենք անհրաժեշտ ուշադրություն ցուցաբերել նրանց»,- պարզաբանեց Մկրտչյանը։

Հայաստանի կառավարության ցուցաբերած օգնությունը, ինչպես նշեց նախարարը, տարբեր էր: Խոսքը 68 հազար դրամի չափով վճարումների մասին է, որոնք տրվել են 4 ամսվա ընթացքում, եւ ԼՂՀ այն բնակավայրերի մեծահասակներին ու անչափահասներին օգնություն ցուցաբերելու համար, որոնք պատերազմի արդյունքում հակառակորդի վերահսկողության տակ են անցել, եւ օգնության այն անձանց, ում տներն ու բնակարանները վնասվել են ռմբակոծությունների հետեւանքով, ովքեր ֆիզիկական եւ հոգեկան վնասվածքներ են ստացել:

«Այս ծրագրերը մենք կշարունակենք իրականացնել նաեւ 2022 թվականի առաջին եռամսյակում»,- ասաց կառավարության ներկայացուցիչը։