Դեկտեմբերի 25-ին հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով 15 և 14 տարեկան երկու պատանի են բուժօգնության տեղափոխվել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին նրանք հայտնել էին, որ մարմնական վնասվածքները ստացել են վիճաբանության ժամանակ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 13.00-ի սահմաներում պատանիները Սիսիանի մարզադաշտի հարակից տարածքում վիճել են 14-ամյա պատանու հետ, որն էլ դանակահարել էր նրանց:

Բացատրական աշխատանքի արդյունքում 14-ամյա պատանին ներկայացել է ոստիկանության Սիսիանի բաժին, տվել խոստովանական բացատրություն և հայտնել, որ դանակը նետել է Որոտան գետը:

Կատարվում է քննություն։