Ողջ հանրապետությունում արձանագրվել է հանցագործությունների թվի որոշակի աճ։ Այս մասին դեկտեմբերի 30-ին կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Նրա խոսքով՝ դա ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ 

«Դրանց մասին կխոսենք տարվա արդյունքների ամփոփման ընթացքում»,-հավելեց նա։

Ֆիդանյանը համոզմունք հայտնեց, որ պարեկային ծառայությունը կայացել է, աշխատակիցները բավական արդյունավետ են աշխատում։ 

«Միջադեպերի եւ քրեական գործերի առկայությունը վկայում է այն մասին, որ մենք բաց ենք, ոչինչ չենք թաքցնում, եւ բնական ենք համարում, որ նման բան տեղի է ունենում ծառայության ժամանակ։ Պետք է նաեւ հաշվի առնել, թե քանի հանցագործություն են նրանք բացահայտել։ Հասարակությունը գոհ է պարեկային ծառայության աշխատանքից»,-նշեց փոխոստիկանապետը։

Անդրադառնալով մի քանի ոստիկանների կողմից տղամարդուն ծեծի ենթարկելու դեպքին, նա պարզաբանեց, որ քրեական գործը վարում է այլ մարմին, ուստի ոստիկանությանը կամ նույն Հատուկ քննչական ծառայությանը մեղադրելը տեղին չէ։

«Մենք չենք ծեծի ենթարկել։ Կոչ եմ անում դիմել նախաքննություն իրականացնող մարմնին»,-ասաց Ֆիդանյանը։