Ամեն տարի գիտնականներն անցկացնում են իսկապես անհասկանալի գիտափորձեր, եւ 2021-ը բացառություն չէր: Պետրայի բաժակներում սեփական աչքերով արհեստական ուղեղ աճեցնելուց մինչեւ հավերժական ցրտից 24-000-ամյա զոմբի վերակենդանացնելը եւ տարվա եւս մի քանի ամենաարտասովոր գիտափորձերը ներկայացնում է Live Science պարբերականը:
Արհեստական ուղեղ աչքերով
Օգոստոսին գիտախումբը հրապարակել էր նորություն, որը միեւնույն ժամանակ ե՛ւ ուշագրավ էր, ե՛ւ սարսափազդու: Հետազոտողները հայտարարել են, որ լաբորատորիայում հաջողությամբ աճեցրել են երկու աչք ունեցող մարդկային փոքրիկ ուղեղ: Գիտնականները ստեղծել են մինի ուղեղը ցողունային բջիջները նյարդային հյուսվածքի վերածելու միջոցով, այնուհետեւ բջիջների աճը խթանելով ռուդիմենտային «օպտիկական բաժակներ» ստանալու համար, որոնք լցված են լուսարձակող բջիջներով:
Բարեբախտաբար այդպիսի օրգանոիդները չունեն բավականաչափ նեյրոնային խտություն գիտակցություն ձեռքբերելու համար: Սակայն դրանք չափազանց օգտակար են ուղեղի զարգացման փուլերն ուսումնասիրելու եւ հեռանկարում կուրություն առաջացնող ցանցաթաղանթի հիվանդությունների դեմ դեղորայք ստեղծելու համար:
Ագռավներ եւ զրոյի հայեցակարգ
Այս տարի գիտնականները նաեւ անցկացրել են գիտափորձ, որն ապացուցում է, որ ագռավները բավականին խելացի են զրոյի հայեցակարգը հասկանալու համար: Զրոյի հայեցակարգը, որը, ենթադրաբար, ստեղծվել է մարդկանց կողմից 5-րդ դարում, պահանջում է աբստրակտ մտածողություն: Ուստի բավականին անսպասելի էր, երբ Journal of Neuroscience-ի հունիսյան համարում լույս էր տեսել հոդվածը, որն ապացուցում է, որ ագռավները տարբերում են զրոն մյուս թվերից:
Գիտափորձերի ժամանակ թռչունների ուղեղի ակտիվության սքանավորումը ցույց է տվել, որ ագռավները սովորել են հասկանալ զրո թիվը, սակայն դրա պատճառը հանելուկ է: Գիտնականներին զարմացրել է, որ ե՛ւ մարդու, ե՛ւ ագռավների ուղեղը կարող են հաշվարկել զրոն: Այդ հետազոտությունն ապացուցում է, որ էվոլյուցիան կարող է շարժվել տարբեր ուղղություններով միեւնույն գործառույթներով ուղեղ ստեղծելու համար:
«Բրազիլական ընկույզի» ֆենոմենի բացահայտումը
Ապրիլին հետազոտողները վերջապես բացահայտել են մարդկության ամենակարեւոր հարցերից մեկի պատասխանը՝ ինչու են մի քանի տեսակի ընկույզ պարունակող փաթեթում բրազիլական ընկույզները միշտ հայտնվում վերնամասում: Գիտափորձի ժամանակ գիտնականները թափահարել են փաթեթը, որտեղ եղել է գետնանուշի ու բրազիլական ընկույզի խառնուրդ՝ կատարելով փաթեթի եռաչափ ռենտգենյան սքանավորում յուրաքանչյուր թափահարումից հետո: Պարզվել է, որ վերջնարդյունքում թափահարությունները շրջել են ավելի խոշոր ընկույզները՝ բերելով դրանք ուղղահայաց դիրքում, ինչից հետո յուրաքանչյուր հաջորդող թափահարումը ստիպել է դրանց վեր բարձրանալ: Գիտնականները համարում են, որ իրենց հետազոտությունը կօգնի ինժեներներին ստեղծել ավելի արդյունավետ միջոցներ ուրիշ խառնուրդներում, այդ թվում՝ բժշկությունում ու շինարարությունում կիրառվող խառնուրդներում չափսով պայմանավորված դիսպերսիան կանխարգելելու համար:
Ջրի վերածումը մետաղի
Հնագույն ժամանակներում եւ մինչեւ XVII դարը ալքիմիկոսները տարված էին փիլիսոփայական քարով, որն առասեպելական նյութ է եւ ենթադրվում էր, որ ունակ է կապարը վերածել ոսկու: Հուլիսին գիտնականները հայտնել են գիտափորձի մասին, որը նման է ալքիմիկոսների երազանքի իրագործմանը. մի քանի վայրկյանում նրանց հաջողվել է ջուրը վերածել փայլուն ոսկե մետաղի: Հետազոտողները կարողացել են դա կյանքի կոչել՝ խառնելով ջուրը նատրիումի եւ կալիումի հետ: Այդ մետաղները տալիս են ավելորդ էլեկտրոնները ջրին եւ, հետեւաբար, ստիպում են ջրի էլեկտրոններին ազատ շրջել՝ դարձնելով այն մետաղյա: Գիտնականների կողմից ստեղծված «մետաղյա ջուրը» կարող է գիտնականներին օգնել հասկանալ, թե ինչ է գտնվում մոլորակների ներսում բարձր ճնշման տակ¸որտեղ այդպիսի գործընթացը տեղի է ունենում բնական ճանապարհով:
Կենդանի զոմբիներ հավերժական ցրտից
Հունիսին Current Biology պարբերականում լույս է տեսել հոդված, որում գիտնականները նկարագրել են փլեյսթոցենի դարաշրջանի հավերժ ցրտից վաղուց մահացած էակների կլոնավորման եւ վերածննդի գործընթացը: Այդ «զոմբիները» բազմաբջիջ միկրոօրգանիզմներ են: Հալչելուց հետո փոքր էակները սկսել են անսեռ բազմացում պարթենոգենեզի օգնությամբ՝ ստեղծելով իրենց իսկ ճշգրիտ կլոնները: Հատկանշական է, որ այդ էակների շուրջ գրունտի հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք սառեցվել էին 24 000 տարի առաջ եւ ողջ են մնացել՝ հայտնվելով կրիպթոբիոզի մեջ: Գիտնականները հույս ունեն ուսումնասիրել այդ գործընթացը, որպեսզի կարողանան ավելի շատ տեղեկություններ ստանալ կրիոկոնսերվացիայի եւ այն մասին, թե ինչպես կարելի է այն ադապտացնել մարդկանց համար:





























