ԱՄՆ Դյուկի համալսարանի գիտնականները ցուց են տվել, որ երաժշտությամբ զբաղվելը կամ լեզուներ ուսումնասիրելը օգնում են ստեղծել կոգնիտիվ ռեզերվ, ինչը կապված է ծերացող մարդու ուղեղի նեյրոախտահարումների վտանգի նվազման հետ։ Այս մասին ասվում է Brain Sciences ամսագրում հրապարակված հոդվածում։
Մասնագետները վերլուծել են սպիտակ նյութը դիֆուզիոն-տենզորային վիզուալացման օգնությամբ։ Այս մոտեցումը թույլ է տալիս տեղեկություն ստանալ գլխուղեղի տարբեր հատվածների միջեւ կապերի եւ հաղորդակից ուղիների ամբողջականության մասին, ինչպիսին են նյարդային մանրաթելերի փնջերը։ Սովորաբար նորմալ ծերացումը հանգեցնում է սպիտակ նյութի ամբողջականության նվազմանը, բայց բարդ սենսոմոտորային գործունեությունը (օրինակ, մի քանի լեզուների տիրապետելը կամ երաժշտությամբ զբաղվելը) կարող է դանդաղեցնել եւ անգամ հետ շրջել այդ գործընթացը։
Նեյրոկենսաբանները կատարել են 26-67 տարեկան ութ երաժշտի ուղեղի սքանավորում, որոնք օրական միջինը երեք ժամ են զբաղվել։ Դա թույլ է տվել հաշվարկել ֆրակցիոն անիզոտրոպիան (ՖԱ), մեծություն, որը բնութագրում է գլխուղեղի սպիտակ նյութի հաղորդիչ ուղիների քանակն ու ուղղորդումը։ ՖԱ բարձր մեծությունը համապատասխանում է ուղեղի բարձր կոգնիտիվ ռեզերվին, բայց տարիքի հետ այն նվազում է, ինչը ցույց է տրվել այն մարդկանց համար, ովքեր չեն զբաղվել երաժշտությամբ։ Բայց երաժիշտների պարագայում հաղորդակից ուղիների ամբողջականությունը ոչ միայն չի նվազել, այլեւ, ընդհակառակը, ավելացել է երկու կիսագնդերում։
Նախորդ հետազոտությունները, որոնք կենտրոնացած են մարդկային ուղեղի կառուցվածքային եւ ֆունկցիոնալ փոփոխությունների վրա, նույնպես ցույց են տվել, որ երկլեզվությունը եւ երաժշտական կարողությունների զարգացումը կարող են դանդաղեցնել ծերացումը եւ կոգնիտիվ գործառույթների վատացումը։





























