Սուրճի օգտագործումը բարերար ազդեցություն է ունենում լյարդի աշխատանքի վրա, գրում է The Mirror պարբերականը՝ հղում կատարելով Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականներին։
Հետազոտողները վերցրել են 495 585 մարդկանց տվյալներ Մեծ Բրիտանիայի Բիոբանկից։ Հինգից չորսը խմել է աղացած կամ լուծվող սուրճ, իսկ տասից երկուսը ընդհանրապես սուրճ չի օգտագործել։ Արդյունքում՝ գիտնականները եկել են եզրահանգման, որ այդ ըմպելիքի սիրահարները 21 տոկոսով ավելի քիչ են ենթարկվում լյարդի քրոնիկական հիվանդություններով հիվանդանալուն, իսկ մահացու ելքից խուսափելու հավանականությունն այդ հիվանդությունների դեպքում բարձրացել է 40 տոկոսով։
Պարզվել է նաեւ, որ սուրճ օգտագործողների համար ստեատոզի ռիսկը 20 տոկոսով ավելի ցածր է եղել։ Այս էֆեկտը բացատրել են ըմպելիքում պարունակվող նյութերով՝ կավեոլով եւ կաֆեստոլով։
«Մենք եզրակացնում ենք, որ սուրճը կանխարգելիչ ազդեցություն է ունենում՝ պաշտպանելով լյարդի քրոնիկական հիվանդություններից։ Սա շատ արժեքավոր է ցածր եկամուտներ ունեցող երկրների համար, որտեղ մարդիկ լավորակ բժշկական սպասարկում ստանալու ավելի քիչ հնարավորություններ ունեն եւ որտեղ ամենից բարձրն է լյարդի քրոնիկական հիվանդությունների բեռնվածությունը»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ Օլիվեր Քենեդին։





























