Հիվանդությունների Միջազգային դասակարգման (ՀՄԴ) նոր տարբերակը (ՀՄԴ-11) պաշտոնապես ուժի մեջ է մտել 2022թ. հունվարի 1-ից։ Այդ փաստաթուղթը, որն արժանացել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հավանությանը 2019թ., ներառում է մի շարք նոր գլուխներ, մասնավորապես՝ գլուխը ժողովրդական բժշկության մասին։ Իր հերթին, ադիկտիվ խանգարումների բաժինը համալրվել է տեսա- եւ թվային խաղամոլությամբ։

Հիվանդությունների դասակարգման ներկա տարբերակը, որը մշակվել է ավելի քան 10 տարի, «լրջորեն բարելավվել է նախորդ տարբերակի համեմատ. այն առաջին անգամ լրիվ էլեկտրոնային է եւ կատարվել է մի ձեւաչափով, որը հեշտացնում է դրա օգտագործումը», նշել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ)։ ՀՄԴ-11-ը պարունակում է ավելի քան 55 հազար եզակի կոդեր վնասվածքների, հիվանդությունների եւ մահվան պատճառների համար՝ հնարավորություն տալով առողջապահության պրոֆեսիոնալներին ինֆորմացիա փոխանակել գործընկերների հետ ողջ աշխարհում։ Նորույթներից մեկը ավանդական բժշկության մասին գլուխն է, ինչը կապված է միլիոնավոր մարդկանց շրջանում դրա տարածվածության հետ։

Ինչ վերաբերում է խաղային խանգարմանը (անգլ.՝ gaming disorder), ապա, փաստաթղթի համաձայն, դա «վարքի մոդել է թվային կամ տեսախաղերի ժամանակ, որն աչքի է ընկնում խաղի վերահսկման խախտմամբ, խաղին այն աստիճանի առաջնահերթություն տալով, որ այն գերադասվում է այլ հետաքրքրություններին եւ ամենօրյա պարապմունքներին»։ Նման խանգարումը կարող է ախտորոշվել այն դեպքում, եթե վարքի մոդելը հանգեցնում է խախտումների անձնական, ընտանեկան, սոցիալական եւ այլ ոլորտներում եւ նկատվում է ոչ պակաս, քան 12 ամսվա ընթացքում, բայց ծանր դեպքերում ախտորոշման համար բավական է ավելի փոքր ժամկետը։

Խաղային խանգարումը ՀՄԴ-11-ում ներառելը պայմանավորված է բժշկության կուտակած տվյալներով։ Ինչպես սպասվում է, այս հանգամանքը երկրներն ուշադրության կառնեն առողջապահության ոլորտում սեփական ռազմավարությունները պլանավորելիս։ Հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ այսուհետ ներառվել են նաեւ ադիկտիվ վարքի այլ տեսակներ, մասնավորապես՝ պաթոլոգիական կուտակչությունը, կոմպուլսիվ (նոպայաձեւ) շատակերությունը եւ վշտանալու երկարատեւ խանգարումը։

ՀՄԴ-ն հիմնական է գլոբալ մասշտաբով առողջապահության միտումները եւ վիճակագրությունը պարզելու համար, այն նաեւ միջազգային չափորոշիչ է հիվանդությունների մասին զեկույցների համար։ Աշխարհում բազմալեզվության պայմաններում այս փաստաթուղթը ապահովում է ընդհանուր տերմինաբանական ապարատ առողջության հետ կապված խնդիրների գրանցման եւ մոնիթորինգի համար։ ՀՄԴ պարբերական վերանայումները՝ սկսած 1948 թվականից, համակարգվում են ԱՀԿ-ի կողմից։ Փաստաթղթի նախորդ տարբերակը գործում էր 1990 թվականից։