Ford ընկերությունը երեքշաբթի հայտարարել է, որ կրկնապատկելու է իր ամենավաճառվող F-150 պիկապի էլեկտրական տարբերակի արտադրական հզորությունները, տեղեկացնում է AFP-ը։

Ամերիկյան ավտոարտադրողը մտադիր է տարեկան արտադրել 150 000 միավոր F-150 Lightning, իսկ առաջին մատակարարումները կսկսեն իրականացվել գարնանը Դիրբորնի (Միչիգանի նահանգ) էլեկտրամեքենաների գործարանում, ասվում է ընկերության հայտարարությունում։

Սկզբում Ford-ը նախատեսում է արտադրել տարեկան 40 000 պիկապ, բայց պատվերների ավելացումից հետո պլանը հասցրեց 80 000 միավորի։ Ընկերությունը հայտարարել է, որ աշխատում է մատակարարների հետ եւ սեփական ձեռնարկություններում, որպեսզի ավելացնի կարեւոր պահեստամասերի արտադրությունը, ինչպիսին են էլեկտրական մարտկոցները։

Պատվերների մոտ երեք քառորդը ստացվել է այն հաճախորդներից, որոնք երբեք Ford մեքենա չեն ունեցել, ասվում է հայտարարությունում։

ԱՄՆ էլեկտրամեքենաների շուկայում գերիշխանության համար մրցավազքը ուժեղանում է, եւ Ford-ը նախատեսում է ներդնել այդ հատվածում ընդհանուր առմամբ ավելի քան 30 մլրդ դոլար մինչեւ 2025թ.։

Արտադրողն արդեն հայտարարել է, որ կավելացնի արտադրական հզորություններն իր առաջին էլեկտրական Mustang-ի համար, որը ոչ մեծ ամենագնաց է եւ ստացել է Mach-E անունը, մինչեւ 2023թ. տարեկան ավելի քան 200 000 միավոր արտադրելու նպատակով։