Ալմաթիում ցուցարարները հրկիզել են «Ղազախստան» պետական հեռուստաալիքի բաժանմունքի շենքը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Միր 24» հեռուստաալիքին։

2022թ. առաջին օրերին Ղազախստանի արեւմտյան Մանգիսթաու նավթարդյունահանական մարզի Ժանաոզեն եւ Աքթաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի դուրս եկան հեղուկացված նավթագազի կրկնակի ավելացման դեմ։ Ձեւավորված կառավարական հանձնաժողովը տեղեկացրեց, որ պատրաստ է իջեցնել այդ գները, բայց ցույցերը տարածվեցին նաեւ այլ քաղաքներում։ Ալմաթիում հունվարի 4-ին եւ 5-ին տեղի ունեցան բախումներ ուժայինների հետ, ոստիկանությունը կիրառեց գազ եւ լուսաաղմկային նռնակներ։ Ամբողջ Ղազախստանում անջատվեց ինտերնետը, ժամանակավորապես դադարեցվեց մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Մանգիսթաուի եւ Ալմաթիի մարզերում, ինչպես նաեւ Ալմաթիում արտակարգ դրության ռեժիմ մտցրեց մինչեւ հունվարի 19-ը։ Այն, մասնավորապես, նախատեսում է պարետային ժամ 7.00-ից մինչեւ 23.00-ն, զանգվածային միջոցառումների եւ գործադուլների, զենքի, զինամթերքի եւ ալկոհոլի վաճառքի արգելում, հատկապես կարեւոր օբյեկտների ուժեղացված պաշտպանություն։ Հունվարի 5-ի առավոտյան Տոկաեւը ցրեց կառավարությունը՝ նրան մեղադրելով այն բանում, որ իրավիճակը հասել է ցույցերի, ինչպես նաեւ գլխավորեց Ղազախստանի Անվտանգության խորհուրդը՝ դրա ղեկավարի պաշտոնից հեռացնելով պետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին։ Բացի այդ, Տոկաեւն ընդգծեց, որ իրավախախտների հանդեպ իշխանությունը կգործի չփազանց կոշտ եւ խոստացավ առաջիկայում «դուրս գալ առաջարկների նոր փաթեթով»։