ՄԱԿ-ի կառույցներն անփոխարինելի աջակցություն են ցուցաբերել Հայաստանի կառավարությանը` աղքատության հաղթահարմանը, կոռուպցիայի դեմ պայքարի, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտներում:
Այս մասին այսօր` հուլիսի 15-ին, Երեւանում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ղեկավարի տեղակալ, Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորի Ուդովիցկիի հետ հանդիպման ժամանակ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի գործունեությունը մեր երկրում ՄԱԶԾ աշխատանքների արդյունավետ իրականացման գործում:
«Հայաստանի անկախացումից ի վեր ՄԱԿ-ի կառույցները մշտապես եղել են Կառավարության կողքին, և մեր պետական կառույցների ամրապնդման, տնտեսության զարգացման գործում շատ մեծ դերակատարություն են ունեցել»,-ասել է Սերժ Սարգսյանը` հույս հայտնելով, որ ապագայում եւս այդ համագործակցությունը նույնպիսի արդյունավետությամբ կշարունակվի:




























