Երեւանում, այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01:50–ի սահմաններում  ՀՀ ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Գարեգին Նժդեհ փողոցի  7 հասցեում գործող   «006»  փոստային բաժանմունք գող է մտել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ահազանգը կառավարման կենտրոնից փոխանցվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդ, ինչից հետո նույն գնդի պարեկները շրջափակել են շենքի ողջ տարածքը, քանի որ  կան մի քանի մուտքեր ու  գողը կարող էր դիմել փախուստի:

Նրանք, նկատելով կասկածյալին, հրահանգել են,  որպեսզի կանգնի, սակայն նա, մտնելով շենքի մուտքերից  մեկը, դիմել է փախուստի: Պարեկները, մոտ 500 մետր հետապնդելով նրան, կարողացել են վնասազերծել:

Նրա ձեռքերը վնասված են եղել ու մինչ ոստիկանության  Շենգավիթի բաժին նրան բերման կենթարկեին, պարեկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո  ժամանած բժիշկների հերթապահ խումբն է օգնություն ցուցաբերել:

Պարզվել է որ Երևանի բնակիչ,  38-ամյա Խորեն Մ.-ն ձեռքերով կոտրել է Հայփոստի մուտքի դռան ապակին, մտել ներս և դրամարկղից հափշտակել է գումար:

Կասկածյալ Խորեն Մ.-ն հետաքննիչի որոշմամբ ձերբակալվել է: Կայքի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:

Փոստի  տեսախցիկներն էլ արձանագրել են ինչպես է տեղի ունեցել գողությունը: