Մեծ Բրիտանիայում Ռաթլենդ կոմսության ջրամբարի հսկիչները պլանային աշխատանքների ժամանակ պատահաբար հայտնաբերել են իխտիոզավրի քարացած մնացորդներ, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով BBC-ին։
Անսպասելի բացահայտումը կատարել է Rutland Water Nature Reserve-ի աշխատող Ջո Դեւիսը 2021թ. փետրվարին, ջրամբարի նորոգման աշխատանքների ժամանակ։ Նա պատմել է, որ ջրի մակարդակը ցածր էր, եւ նրա ուշադրությունը գրավել է ափերից մեկի մոտի անսովոր տեսարանը։ «Ես ներքեւ նայեցի, նրան, ինչը քարեր կամ թմբեր էր հիշեցնում ցեխի մեջ, եւ մտածեցի, որ դրանք ավելի շուտ նման են օրգանիկայի։ Իսկ հետո մենք տեսանք մի բան, որը ծնոտոսկր էր հիշեցնում»,- հիշում է Դեւիսը։
Դեւիսը գտածոյի մասին տեղեկացրեց Ռաթլենդ կոմսության խորհրդին, բայց այնտեղ դինոզավրերի մասնագետներ չկային, եւ ստիպված եղան հնէաբան կանչել Մանչեսթրի համալսարանից։ Պարզվեց, որ դա 10 մետրանոց իխտիոզավրի կմախք է։
Ջրամբարի մոտ հայտնաբերված գտածոն տեսնելու եկած դոկտոր Դին Լոմաքսը այն անվանեց մեծագույն գտածոներից մեկը Բրիտանիայում, քանի որ մնացորդները շատ մեծ են եւ հիանալի են պահպանվել։ 2021թ. հուլիսին, երբ ջրամբարում ջրի մակարդակը նորից իջավ, գիտնականներին հաջողվեց պեղումներ կատարել եւ տղմից հանել մինչպատմական կենդանու գլուխը։
Ինչպես պատմել է Ռեդինգի համալսարանի աշխատակից Նեյջլ Լարքինը, գտածոն հատուկ արժեք ունի, քանի որ իխտիոզավրերի կմախքները սովորաբար բավական փուխր են, եւ գիտնականներին հազվադեպ է հաջողվում այսքան լավ պահպանված մնացորդներ ստանալ։
Ներկա պահին հետազոտությունները շարունակվում են, իսկ Ռաթլենդ կոմսության խորհուրդը փորձում է միջոցներ գտնել, որպեսզի իխտիոզավրի կմախքը պահի կոմսության տարածքում եւ այն ցուցադրի լայն հասարակությանը։
Իխտիոզավրերը խոշոր սողուններ են, որոնք ապրել են 250-94 մլն տարի առաջ։ Դրանց երկարությունը կարող էր հասնել 25 մետրի։





























