Նորթհեմփթոնշիր կոմսության տարածքում, որը գտնվում է Անգլիայի հենց կենտրոնում, մակերեւույթից կես մետր խորությամբ, հայտնաբերվել են հարուստ հռոմեական առեւտրային քաղաքի ավերակներ, որոնց բնակիչները զարդարվել են թանկարժեք զարդերով, կերել են նուրբ կավե ամաններից, օգտագործել անսովոր կոսմետիկա եւ ստրուկներ են պահել։ Չիփինգ Ուորդեն փոքրիկ քաղաքի մերձակայքում մեկ տարվա ընթացքում 80 հնագետներ պեղել են 10 մ լայնությամբ հռոմեական բազմաշերտ ճանապարհ, բնակելի եւ արդյունաբերական շենքեր, ավելի քան 300 մետաղադրամ եւ առնվազն չորս ջրհոր, գրում է The Guardian-ը։

Դաշտը, որտեղ իրականացվում են պեղումները, գտնվում է Նորթհեմփթոնշիրի եւ Օքսֆորդշիրի սահմանին, այս վայրում նախատեսվում է անցկացնել Լոնդոնի եւ Բիրմինհեմի միջեւ կառուցվող High Speed 2 արագընթաց երկաթուղային ցանցը, հետեւաբար, համաձայն ընդունված կանոնների՝ 2018 թվականից հնագետները ստուգում են այս ամբողջ տարածքը։ Նրանց արդեն հաջողվել է գտնել հարյուրից ավելի նոր հնագիտական վայրեր այս երթուղու երկայնքով, սակայն հռոմեական քաղաքը կարելի է համարել մինչ օրս արված ամենանշանակալից գտածոներից մեկը: Չիփինգ Ուորդենի մոտ գտնվող վայրը կոչվում է Բլեքգրադունս՝ խիտ սեւ հողի պատճառով, որն էլ հենց օգնել է պահպանել հռոմեական արտեֆակտները:

«Տեղամասը նախկինում օգտագործվում էր արածեցման համար, եւ հողը արդյունավետորեն պահպանում էր այն, ինչ մնացել էր տակը»,- բացատրում է Mola Headland Infrastructure-ից Ջեյմս Ուեսթը, ով ղեկավարել է պեղումները: Այս տարածքում հնագիտական հնությունների առկայությունը հայտնի էր դեռեւս 18-րդ դարից, սակայն ներկայիս պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները գերազանցել են փորձագետների բոլոր ակնկալիքները, դրանք բառացիորեն շրջել են պատմաբանների պատկերացումները հռոմեական դարաշրջանի մասին: «Սա ամենատպավորիչ վայրերից մեկն է, որը մենք գտել ենք HS2 երթուղու վրա»,- ասում է Ուեսթը: «Հռոմեական ճանապարհի նման լավ պահպանված հատվածի եւ շատ այլ բաների հայտնաբերումը արտասովոր իրադարձություն էր եւ կարող է մեզ շատ բան պատմել այստեղ ապրող մարդկանց մասին: Այս վայրը իսկապես կարող է փոխել մեր պատկերացումները հռոմեական լանդշաֆտի մասին տարածաշրջանում եւ դրանից դուրս»: Երկաթե դարաշրջանի ավելի քան 30 շրջանաձեւ տներից բաղկացած գյուղը մ.թ. 43-ին հռոմեական արշավանքի ժամանակ եղել է այս վայրում: Հռոմեական տիրապետության ժամանակաշրջանում, որը տեւել է մինչեւ մ.թ. 410 թվականը, բնակավայրն ընդարձակվել է եւ դարձել էլ ավելի բարգավաճ։ Նրա ամենաբարձր վերելքի ժամանակ հարյուրավոր մարդիկ են ապրել այս քաղաքում, ինչը հին չափանիշներով բավականին շատ է:

Բնակիչների «հռոմեականացումը» ներառել է հռոմեական սովորույթների, ապրանքների եւ շինարարական մեթոդների հարմարեցում։ Նրանց հարստության ավելացման մասին է վկայում հայտնաբերված հռոմեական մետաղադրամների եւ կշռաքարերի քանակը, ինչը համարվում է լայնածավալ առեւտրային գործունեության նշան։ Մի կշռաքար զարդարված է եղել կին աստվածության պատկերով, ինչը վկայում է նրա տիրոջ բարձր կարգավիճակի մասին։ Սեւ հողից հայտնաբերվել են նաեւ նուրբ զարդանախշերով զարդեր, ապակյա անոթներ եւ Գալիայից բերված սամոսական նրբագեղ խեցեղեն։ Բնակիչների կողմից հռոմեական կոսմետիկայի ակտիվ օգտագործման ապացույցներ են ձեռք բերվել գալենայի հանքանյութի, կապարի փայլի՝ կապարի սուլֆիդի հետքերի հայտնաբերումից հետո, որը մանրացրել եւ խառնել են յուղի հետ՝ դիմահարդարման համար: Հայտնաբերվել են նաեւ կապանքներ, ինչը հուշում է կա՛մ ստրուկների աշխատանքի, կա՛մ բանտարկյալներին բանտերում պահելու մասին: