Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարկացել է ֆինանսների նախարարի վրա այն բանից հետո, երբ կառավարությունը չի հասել նպատակին՝ բարձրացնել լիրայի արժեքը Նոր տարվա սկզբին, գրում է սյունակագիր Էրդալ Սաղլամը։
Այս ամսվա սկզբին Էրդողանն ասել էր, որ լիրայի արժեքը կբարձրանա՝ կրկնելով ֆինանսների նորանշանակ նախարար Նուրեդդին Նեբաթի կանխատեսումը: Նպատակը լիրան մեկ դոլարի դիմաց մոտ 11,5-ի հասցնելն էր։
Այժմ Էրդողանը վրդովված է, որ ֆինանսների նախարարությունը եւ Կենտրոնական բանկը մշտապես վերանայում են լիրայի արժեքը նվազեցնելու իրենց նպատակները: Նրանք այս պահին դժվարանում են պահել արժույթը դոլարի դիմաց 14-ից բարձր մակարդակում։
Որպեսզի լիրան չարժեզրկվի, Սաղլամի խոսքով, բանկիրներն ասում են, որ կենտրոնական բանկը եւ պետական բանկերը գրեթե ամեն օր շարունակում են անուղղակի արտարժութային միջամտություններ իրականացնել: Երեքշաբթի առավոտյան արժույթը 0,4%-ով նվազել է մինչեւ 13,86 դոլար մեկ դոլարի դիմաց:
Էրդողանը նաեւ վրդովված է, որ իր կառավարությունը չի կարողացել համոզել Թուրքիայի քաղաքացիներին վաճառել դեպոզիտային հաշիվներում ներդրած արտարժույթը, ասել է Սաղլամը:
Լիրայով եկամուտ ստացող թուրքերը դեռ դոլար են գնում, իսկ Կենտրոնական բանկի միջամտությունը արտարժույթի շուկայում շարունակվում է՝ չնայած նրան, որ նրա մաքուր արժութային պահուստները նվազել են մինչեւ մինուս 56 միլիարդ դոլար։ Սաղլամի խոսքով՝ իրավիճակն անկայուն է։
Մեկ այլ միջոց, որը կառավարությունը ներկայացրել է հունվարի սկզբին, նույնպես չի ամրապնդել լիրայի փոխարժեքը։ Արտահանողները պարտավոր են իրենց արտարժույթով ստացված եկամուտների 25 տոկոսը վաճառել կենտրոնական բանկին՝ լիրայի դիմաց։




























