ՀՀ Վճռաբեկ դատարան հունվարի 10-ին բավարարել է ՀՊՏՀ-ի նախկին աշխատակից Խաչատուր Ավետիսյանի հայցն՝ ընդդեմ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի։

Նշենք, որ 2019 թվականի հունիսի 1-ից աշխատանքի էր անցել ՀՊՏՀ-ում որպես Տնտեսական եւ ինժեներատեխնիկական բաժնի գլխավոր էներգագետ-ճարտարագետ: Սակայն 2020 թվականի հունվարի 9-ին ծանուցում էր ստացել, որ հաստիքի կրճատման պատճառով ազատվում է զբաղեցրած պաշտոնից:

Ավետիսյանը պահանջում էր դատարանից՝ պարտավորեցնել Գալոյանին՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 02.03.2020 թվականի հրամանն անվավեր ճանաչել, նախկին աշխատանքում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի համար աշխատավարձ բռնագանձել։

«Ցավոք, ռեկտորի ապօրինության հետեւանքն այժմ կրելու են բուհի ուսանողները, քանի որ այս ամբողջ ընթացքում կուտակված հարկադիր պարապուրդի գումարը, որը կազմում է շուրջ 12 մլն ՀՀ դրամ վճարելու է ոչ թե ապօրինության հեղինակը, այլ բուհի ուսանողները՝ իրենց վարձավճարներից: Սակայն, ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի ռեկտորը հետ վերադարձնի այդ գումարը ուսանողներին՝ իր անձնական միջոցներից, որովհետեւ այսպես շատ անարդար է, ուսանողները ռեկտորի անօրինականության պատճառով չպետք է տուժեն:

Դիանա Գալոյանն ինձ աշխատանքից ազատել էր, որովհետեւ ես չէի հանդուրժում համալսարանում կատարվող ապօրինությունները եւ բարձրաձայնում էի այն խախտումները, որոնք տեսնում էի»,- նշել է Խաչատուր Ավետիսյանը։