2008թ. Մարտի 1-ին ՀՀ իշխանությունները իրագործեցին զազրելի եւ անմարդկային արարք` բռնությամբ` ընդհուպ խաղաղ ցուցարարների վրա կրակելով, հարյուրավոր խաղաղ ու անզեն ցուցարարների վիրավորելով եւ առնվազն տասը մարդու սպանելով, ցրեցին զանգվածային ընտրակեղծիքներով ու բռնություններով ուղեկցված նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարներին: Այդ մասին ասված է Հայաստանի քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամային, Նիկոլա Սարկոզիին եւ Դմիտրի Մեդվեդեւին հղած նամակում:
Նամակի հեղինակները նշում են, որ 2009թ. հոկտեմբերի 20-ին սկսվում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությունը:
«2008թ. Մարտի 1-ից ի վեր ընդհատակ անցած, եւ 2008թ. հուլիսի 1-ին ինքնակամ իրավապահ մարմիններին ներկայացած Նիկոլ Փաշինյանը մինչ այսօր, առանց որեւէ հիմքի, պահվում է բանտում եւ այժմ կանգնելու է դատարանի առջեւ` զանգվածային անկարգություններ կազմակերպելու շինծու մեղադրանքով»,- ասված է նամակում:
"Հայաստանում արդեն իսկ տեղի են ունեցել հարյուրավոր դատավարություններ: Այդ խայտառակ դատավարությունների մասին կարող եք տեղեկություններ ստանալ Ձեր երկրների դեսպաններից եւ իրավասու միջազգային կազմակերպություններից:
Առայժմ արձանագրված արդյունքն այսպիսին է`
1. մինչ այսօր դատարանի առջեւ չի կանգնել ոչ մի մարդասպան.
2. հերքվել է իշխանության յուրացման համար ընդդիմությանը ներկայացված մեղադրանքը.
3. ընդդիմության եւ միջազգային կազմակերպությունների ճնշման արդյունքում համաներմամբ ազատ են արձակվել 30 քաղբանտարկյալներ.
4. 17 քաղբանտարկյալներ, որոնցից մեկը Ֆրանսիայի քաղաքացի է, այսօր էլ դեռ բանտերում են.
Ի դեպ, նամակի հեղինակները փաստում են, որ «այսօր, երբ համանախագահ երկրները համատեղել են իրենց ջանքերը Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, տարօրինակ զուգադիպությամբ՝ իսպառ վերացել է նաեւ այդ երկրների եւ միջազգային կազմակերպությունների` ժողովրդավարության վերականգնմանն ու քաղբանտարկյալների ազատմանն ուղղված ճնշումը Սերժ Սարգսյանի վարչախմբի նկատմամբ», ինչը «հայ հասարակության մի ստվար հատվածի մոտ տպավորություն է ստեղծում, որ տեղի է ունեցել ոչ բարոյական գործարք, իսկ գերտերությունները աչք են փակում մարդու իրավունքների զանգվածային, կոպիտ խախտումների եւ ժողովրդավարության ոտնահարման ակնհայտ փաստերի վրա` հանուն Սարգսյանի ապօրինի վարչախմբից զիջումներ կորզելու»:




























