Մեկանգամյա ցելոֆանե տոպրակների արգելքի վերաբերյալ օրենքը չի աշխատելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց բնապահպան Սիլվա Ադամյանը:

«Մեր գործարարների շատ քիչ մասն է հրաժարվել այդ տոպրակների օգտագործումից: Անհատ մարդիկ, որ դրսում ինչ-որ բան են վաճառում, էլի նույն նույն տոպրակներով են տալիս: Այսինքն չի իրագործվում այն, ինչը նախատեսված է: Այդ օրենքը մի քիչ այլ ռակուրսով պետք է ընդունվեր: Ոչ թե պետք է միանգամից կտրեին ու ասեին՝ չենք օգտագործում ու վերջ, այլ դա պետք է կամաց-կամաց արվեր:

Մենք բնապահպաններով դեռ նախորդ կառավարության ժամանակ առաջարկել ենք, որ ցելոֆանե տոպրակների գինն այնքան բարձր լինի, որ սպառողին ուղղակի հարմար չլինի դրանք գնել: Տնտեսվարողները տարիներ շարունակ 10 դրամով տոպրակ են վաճառել, կամ նույնիսկ անվճար են տվել: Փաստացի այս պահին մի քանի սուպերմարկերտներ կան՝ «Չինար», «Քարֆուր», որոնք կամաց-կամաց անցել են թղթե տոպրակների: Այս սուպերմարկետները շատ քիչ կետեր ունեն, իսկ ավելի մեծ տնտեսվարողները շարունակում են օգտագործել ցելոֆանե տոպրակներ: Ու հետեւող էլ չկա: Ես այն կարծիքին եմ, որ սա չի աշխատելու: Շատ օրենքներ կան, որոնք գրվում են ու չեն աշխատում: Նույնը կարող եմ ասել աղբավայրերի մոնիտորինգի մասին: Ես ոչ թե հոռետես եմ, այլ մեր կյանքի փորձն է ցույց տալիս, որ այդ ճանապարհը սխալ է, օրենք ընդունել առանց հաշվի առնելու՝ արդյոք դա կիրառելի է, թե ոչ»,-ասաց բնապահպանը:

Նա նաեւ նկատեց, որ այս համատեքստում շատ կարեւոր խնդիր է աղբի սորտավորումը. «Դեռ 10 տարի առաջ բոլոր բնապահպանները խոսել են այդ մասին, որ պետք է ունենանք տարբեր աղբամաններ, որտեղ կգնան պլաստմասե շշերը, ցելոֆանե տոպրակները: Այդտեղից էր պետք սկսել: Եթե այդտեղից սկսեինք, այսօր չէին ունենա պոլիէթիլենի այդքան թափոն: Կլինեին մարդիկ, որոնք այդ թափոնները կվերամշակեին:

Օրինակ, գերմանիայում ցելոֆանե տոպրակների եւ շշերի համար գումար են տալիս մարդկանց ավտոմատների միջոցով:

Եթե ցելոֆանե տոպրակի գինը շատ բարձր լիներ, մարդիկ իրենց տնից կամ խանութից հազար դրամով կգնեին բազմակի օգտագործման կտորից տոպրակներ:

Ֆրանկֆուրտում մեծ հիպերմարկետներում լիքը ցելոֆանե տոպրակ կա, բայց ոչ ոք չի գնում դրանք, առաջարկող էլ չկա: Այդ ցելոֆոնե տոպրակն արժի 7 եվրո: Ոչ ոք 7 եվրո չի տա այդ տոպրակին, մարդիկ գնում են կամ թղթե տոպրակներ, որը մոտ 3 եվրո է, կամ իր հետ է տոպրակ բերում»;,-ընդգծեց Սիլվա Ադամյանը:

Նա հավելեց, որ այսօր մարդիկ բանկերից վարկեր են վերցրել, արտադրել են ցելոֆանե տոպրակներ, միլիոնավոր տոպրակներ պահեստներում դրված են, դրանք բոլորը պետք է իրացվեն, ոչ ոք չի թափի դրանք:

«Ցելոֆանե տոպրակները չեն քայքայվում բնության մեջ, դրանք նաեւ վնասում են աղբավայրերից օգտվող կենդանիներին: Ես մի քանի ամիս ուսումնասիրություն էի արել, արագիլների բներն ամբողջությամբ ցելոֆանից էին:

Աշխարհում փորձում են ընդհանրապես հրաժարվել այդ տոպրակներից: Միայն տոպրակները չեն, պլաստիկե շշերը, թթվասերի, կաթնաշոռի ամանները, որոնք նույնպես պլաստիկից են: Դրանք ամբողջությամբ մնում են աղբավայրերում»,-ասաց նա: