ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստում այսօր՝ հունվարի 13-ին,ընթանում է գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրության փուլը: Դատարանը նորից անդրադառնում է նախաքննության փուլում տեղի ունեցած գործընթացներին:

Հիշեցնենք, որ ժամանակին դատախազը միջնորդել էր դատարանին թույլ տալ, որ Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի վերաբերյալ բանկային գաղտնիքները տրամադրվեն նախաքննական մարմնին: Ընդ որում, խոսքը վերաբերում է վերջին 6 տարվա ընթացքում առկա բանկային գաղտնիքին: Դատարանը բավարարել էր այդ միջնորդությունը: 

Պաշտպանական կողմից Ամրամ Մակինյանն առարկել է բանկային գաղտնիքը հրապարակելու վերաբերյալ միջնորդության դեմ՝ նշելով, «Մինչեւ հիմա էլ չեմ հասկացել, թե ինչու դատարանը նման որոշում կայացրեց, որ բանկային գաղտնիքը տրամադրվի նախաքննական մարմնին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Ավան եւ Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 13-ին, նախագահությամբ Վահե Միսակյանի, ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստը։

Այս գործով դատական նիստերը տեւական ժամանակ չեն կայացել։ Կորոնավիրուսի հետեւանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում էլ Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։