Հայաստանի իշխանությունները գնացին Ստալինի հետքերով: Այս մասին «Հայելի»-ի հետ զրույցում ասել է ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում ադրբեջանական գերությունից վերադարձածների նկատմամբ, կրկնում է Ստալինի քաղաքականությունը, որի հրամանով բոլոր գերի ընկածները համարվում էին թշնամիներ եւ պետք է ներկայանային դատարան, լավագույն դեպքում՝ առանց դատի ու հետաքննության պետք է գնային Սիբիր։ Նրանք որեւէ փոխհատուցում չեն ստացել։ Հիմա էլ նույնն է․ գերությունից վերադարձածներին բերման են ենթարկում բառի բուն իմաստով ինքնաթիռի սանդուղքների վրա»,-ասաց Ալավերդյանը։ 

Առաջին օմբուդսմենը հիշեցրեց, որ իր ղեկավարած իրավապաշտպան կազմակերպությունն առաջինն էր, որ սկսեց գերիների որոնումը եւ վերականգնումը: «Գերության մեջ լինելը սպի է, որը գրեթե չի լավանում։ Իսկ այն, ինչ կատարվում է Հայաստանում, այլ բան է՝ դաժան վերաբերմունք կամ դաժան պատիժ։ Սա պետք է դիտարկել որպես խոշտանգումների շարունակություն, որոնց նրանք ենթարկվում էին ադրբեջանական գերության մեջ։ Բոլոր վերադարձածները, անգամ նրանք, ովքեր ազատության մեջ են, նման վերաբերմունքը համարում են նվաստացուցիչ»,-ընդգծեց առաջին օմբուդսմենը։