Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ինչպես են նեանդերթալցիները պահել ոսկրե գործիքները: Ռուսական գիտական հիմնադրամի դրամաշնորհով իրականացված հետազոտության արդյունքները հրապարակվել են Archaeological and Anthropological Sciences ամսագրում:
Ժամանակակից մարդու նախնիները, որոնք ապրել են պալեոլիթի ժամանակաշրջանում (2,6-0,1 մլն տարի առաջ), հիմնականում օգտագործել են մշակված քարեր, սակայն դարաշրջանի երկրորդ կեսին արդեն հայտնաբերվել են աշխատանքի ոսկրե գործիքներ։ Դրանցից ամենաշատը ռետուշերներն են, որոնք օգտագործվել են քարե դանակները սրելու համար։
ՌԱԱ Սիբիրյան բաժանմունքի Հնագիտության եւ էթնոգրաֆիայի ինստիտուտի (Նովոսիբիրսկ) աշխատակիցները ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերների հետ ստեղծել են ոսկրային ռետուշերների եզակի հավաքածու եւ փորձով վերարտադրել են, թե ինչպես կարող էին դրանք օգտագործել մեր պալեոլիթյան նախնիները: Հեղինակները գործիքները բռնել են կա՛մ երեք մատով (ինչպես նկարիչը վրձինը պահում), կա՛մ ամբողջ բռունցքով (ինչպես մուրճն են պահում) եւ դրանց օգնությամբ քարեր են տաշել։ Այնուհետեւ մասնագետները ստեղծել են եռաչափ մոդելներ ու վերլուծել, թե ինչպես է բռնելու այս կամ այն մեթոդը ազդել ակտիվ գոտու վրա, որը անմիջականորեն շփվում է մշակվող մակերեսի հետ, եւ գործիքի որ կտորներն են այդ դեպքում առանձնացվել:
Մոդելային ռետուշերների եւ նեանդերթալցիների բնակավայր (50-60 հազար տարի առաջ) Չագիրսկայա քարանձավում պեղումների ժամանակ հայտնաբերվածների համեմատությունը ցույց է տվել, որ մեր հնագույն նախնիներն ավելի հաճախ նկարիչի նման են գործիքները պահել՝ առաջին երեք մատներով: Հենց այս օգտագործումն է ապահովել տաշվող մակերեսի հատուկ ձեւը: Դա բացատրվում է նրանով, որ բռնելու տարբեր ձեւերի ժամանակ տարբեր մկաններ են աշխատում եւ, հետեւաբար, ծանրաբեռնվածությունը նույնպես տարբեր է: Այսպես, «մաշված» գործիքները երկար կամ ավելի կոշտ ժայռերի վրա չեն օգտագործվել։ Բոլոր մատներով բռնելով ռետուշերը՝ հնագույն վարպետները ավտոմատ կերպով ավելի մեծ ուժային ազդակ են ներդրել ոսկրային գործիքի հարվածի մեջ, եւ դա արտացոլվել է նրա արտաքին տեսքում։





























