Հարյուր հազարավոր հինդու հավատացյալներ սուրբ օծման համար կհավաքվեն Գանգես գետի ափերին՝ չնայած վերջին ամսվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի 30 անգամ աճին, հայտնում է Reuters-ը։
Ակնկալվում է, որ մեծ թվով հավատացյալներ կօծվեն սուրբ գետում, որը հոսում է Արեւմտյան Բենգալիայի արեւելյան նահանգով, որտեղ գրանցվել են կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը՝ երկրի արեւմուտքում գտնվող Մահարաշտրա նահանգից հետո:
Ուրբաթ առավոտյան շատ հավատացյալներ առանց դիմակների քայլեցին դեպի գետը, իսկ առեւտրականները ճանապարհի երկու կողմերում ծաղիկներ եւ այլ ապրանքներ էին վաճառում:
Անցյալ տարի Հնդկաստանի հյուսիսում տեղի ունեցած մեծ կրոնական հավաքը նպաստեց կորոնավիրուսային դեպքերի ռեկորդային աճին: Երկիրը եւս մեկ անգամ կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի է բախվում, որոնք հիմնականում պայմանավորված են խիստ վարակիչ օմիկրոն տարբերակով, բայց հոսպիտալացումների թիվը փոքր է. մարդկանց մեծ մասը տանն է բուժվում:
Ուրբաթ Առողջապահության նախարարությունը հայտնել է վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 264202 նոր դեպքի մասին: Հնդկաստանում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 36.58 միլիոնի։
Նախարարությունը հայտնել է, որ COVID-19-ից մահացածների թիվն աճել է 315-ով: Վարակից մահվան դեպքերի ընդհանուր թիվն այժմ 485.350 է:





























