Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը լուրջ սպառնալիքներ կստեղծի մեզ համար՝ սկսած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ժխտումից մինչեւ առասպելական տնտեսական հետեւանքներ։ Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Նա նշեց, որ Երեւանի եւ Անկարայի հատուկ ներկայացուցիչների միջեւ բանակցություններին հաջորդած տեքստի հայերեն տարբերակում նշված է, որ կայացել է կառուցողական հանդիպում, մինչդեռ անգլերեն եւ ռուսերեն տեքստերում ասվում է, որ բանակցություններն անցել են «դրական եւ կառուցողական մթնոլորտում»։
«Սա խոսում է այն մասին, որ իշխանությունները այստեղ եւս ցանկանում են կերակրել իրենց ընտրազանգվածին միֆերով, որի մասին ասվում է հայերեն տեքստում»,-ընդգծեց Հայրապետյանը։
Նա հայտնեց, որ երեկ Հայաստանում բենզինը 50 դրամով էժանացել է։
«Քչերն են ուշադրություն դարձրել դրան։ Ադրբեջանական ընկերություն մտե՞լ է հայկական շուկա։ Բաքուն կարող է սկսել օգտագործել նաեւ փափուկ ուժը»,-նշեց իրավաբանը։
Նա նկատեց, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարությունների դրույթները, ագրեսիա է իրականացրել Հայաստանի օկուպացված տարածքներում։
«Հայաստանի իշխանությունների պահվածքն այս դեպքում վկայում է այն մասին, որ նրանք սպասարկում են ադրբեջանաթուրքական տանդեմի շահերը։ Նրանք պարզապես ցանկանում են ամեն գնով հաճոյանալ իրենց փոքր ընտրազանգվածին»,-հավելեց Հայրապետյանը։
Նա Ղազախստան հայ զինծառայողների ուղարկելու հետ կապված Նիկոլ Փաշինյանի գործողությունները չմտածված անվանեց։ «Նա դա արեց՝ ի հեճուկս երկրի նախկին ղեկավարների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Վրաստան զորք ուղարկելու եւ Սերժ Սարգսյանի՝ Սիրիա զորք ուղարկելու որոշումներին։ Ներքին գործերին չմիջամտելու միջազգային սկզբունք կա։ Որոշ ժամանակ անց մենք ստիպված կլինենք քաղել այս գործընթացների պտուղները»,-եզրափակեց նա։




























