Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հուլիսի 18-ին ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Նրանք ներկայացրել են Բաքվում ունեցած իրենց հանդիպումներից ստացված տպավորությունները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը  շարունակվել են քննարկումները արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու նպատակով նախատեսվող քայլերի վերաբերյալ:

Միջնորդների հետ զրույցի ընթացքում, Է. Նալբանդյանը, անդրադառնալով առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման անմիջապես խաղաղ պայմանագրի մշակմանն անցնելու վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին, ասել է, որ դրանք հակասում են թե բանակցային գործընթացի տրամաբանությանը, թե միջնորդների դիրքորոշմանը: