Ջավախքի Եփրեմովկա գյուղում իրար կողք կողքի ապրում են հայեր, ռուսներ եւ վրացիներ: Վրացական «Սամխրեթիս Կարիբջե» պարբերականը փորձել է պարզել, թե ինչպես են նրանք տրամադրված իրար նկատմամբ եւ արդյոք բարեկամական կապեր հաստատո՞ւմ են, թե` ոչ:

Այսօր Ջավախքի Եփրեմովկա գյուղի յուրաքանչյուր բնակիչ տիրապետում է հայերենին, վրացերենին եւ ռուսերենին: Նրանք իրար հետ զրուցում են միախառնելով այդ երեք լեզուները: Նրանց մշակույթը նույնպես միախառնված է: Գյուղի յուրաքանչյուր բնակիչ, անկախ ազգային պատկանելությունից, զբաղվում է անասնապահությամբ:

«Այստեղ բնակվում ենք 93 տարի: Ճիշտ է, ապրուստը դժվար է, բայց մենք արդեն սովորել ենք: Ուր էլ գնանք, կկարողանանք վաստակել մեր օրվա հացը: Քանի տարի է բոլորս ապրում ենք կողք-կողքի եւ շատ լավ հարաբերություններ ունենք»,-ասում է գյուղի  բնակիչ Գուրգեն Ծառուկյանը:

Գյուղի բնակիչների հարաբերություններից ելնելով, կարելի է ենթադրել, որ ազգային պատկանելության տեսանկյունից մրցակցություն չկա:

«Փորձում ենք ամեն ինչ այնպես անել, որ մեր հարեւաններին նույնպես լավ լինի: Ինչ ազգության ընտանիք մտնենք, այդ լեզվով էլ խոսում ենք»,-նշում է Գուրգեն Ծառուկյանը:

Գյուղում  սովորական է նաեւ  տարբեր ազգերի ներկայացուցիչների ամուսնությունները:

«Մայրս հայ է, բայց ես դեմ չէի լինի, եթե իմ որդին այլ ազգի աղջկա հետ ամուսնանար: Կարեւորը լավ մարդ լինելն է, թե չէ ազգությունը ինչ նշանակություն ունի»,-ասում է բնակիչ Գեորգի Բերիձեն:

Երիտասարդ Դմիտրի Գոնչարովը փնտրում է իր երկրորդ կեսին եւ դեմ չի լինի, եթե հանդիպի, ինչպես ինքն է ասում գեղանի վրացուհու կամ համեստ հայուհու:

«Երբ հայերն ու վրացիները նոր էին բնակվում գյուղում, լարվածություն կար, ինչ-որ ներքին վախ, բայց հետզհետե այդ զգացողությունը վերացավ»,-հայտնում է Դիմիտրի Գոնչարովը:

Վրաստանի հայ գրողների միության անդամ Նաիրի Նազելին գտնում է, որ Եփրեմովկա գյուղը հանդուրժողականության խորհրդանիշ է:

«Հայերի, վրացիների եւ ռուսների այսօրվա սերնդի ներկայացուցիչների աշխարհընկալումը այլ է: Նրանց միջեւ չկա ազգային խտրականություն, ինչն իր դրական ազդեցությունն է թողնում ինչպես  բնակչության, այնպես էլ  ամբողջ շրջանի կայունության եւ անվտանգության վրա»,-ընդգծել  է նա: