Ամերիկայի իշխանությունները դատապարտել են հրթիռային հարվածը, որը շաբաթ Հյուսիսային Կորեան իրականացրել է, ընդ որում՝ դա ԱՄՆ-ի եւ դրա դաշնակիցների համար սպառնալիք չի ներկայացրել տարածաշրջանում: Այդ մասին ասվում է ԱՄՆ ԶՈՒ Հնդօվկիանոսյան հրամանատարության տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգները դատապարտում են այդ գործողություններն ու կոչ անում Հյուսիսային Կորեային զերծ մնալ հետագա ապակայունացվող գործունեություններից: Չնայած, մեր գնահատմամբ, այդ իրադարձությունն անմիջական սպառնալիք չի ներկայացնում ԱՄՆ զինծառայողների, ամերիկյան տարածքի կամ դրա դաշնակիցների տարածքների համար՝ մենք կշարունակենք հետեւել իրադարձությանը»,-ասվում է փաստաթղթում:

Հրամանատարությունում հավելել են, որ ԱՄՆ-ն սերտ խորհրդակցություններ է վարում Կորեայի հանրապետության եւ Ճապոնիայի հետ, ինչպես նաեւ այլ տարածաշրջանային դաշնակիցների ու գործընկերների հետ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակման կապակցությամբ:

Ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակցին Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ի պատասխան արձակումը մեկնաբանելու խնդրանքին՝ ԱՄՆ-ն միջազգային հանրության հետ միասին կոչ է անում ԿԺԴՀ-ին զերծ մնալ հետագա սադրանքներից եւ սկսել հաջորդական ու առարկայական երկխոսությունը: «Ինչպես Հյուսիսային Կորեայի կողմից վերջերս տեղի ունեցած բալիստիկ հրթիռների փորձարկումները, այս արձակումը եւս ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բազմաթիվ բանաձեւերի խախտում է եւ սպառնալիք է, որը ներկայացնում են ԿԺԴՀ-ի՝ զանգվածային խոցման զենք եւ բալիստիկ հրթիռներ ստեղծելու հակաիրավական ծրագրերը Հյուսիսային Կորեայի հարեւանների եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Kyodo գործակալությունը, այն ընկել է Ճապոնական ծովում Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս: Տեղի ունեցածի հետեւանքով վնասի մասին վկայություններ չեն ստացվել: