Օսնաբրյուքի համալսարանը ներկայացնող գերմանացի կենդանաբանները նկարագրել են ինքնաբուժման շատ անսովոր մեթոդ, որն օգտագործվում է մարդանման կապիկների կողմից: Գաբոնի արեւմտյան Լոանգո ազգային պարկում ապրող սովորական շիմպանզեները միջատներ են քսում իրենց վերքերին, գրում է Current Biology-ն։

Շիմպանզեները միջատներին դնում են ոչ միայն իրենց, այլ նաեւ ցեղակիցների բաց վերքերին։ Ենթադրվում է, որ սա ինչ-որ կերպ արագացնում է վերքերի ապաքինման գործընթացը կամ գուցե օգնում է թեթեւացնել ցավը: Գիտնականները նշում են, որ կենդանիների շրջանում ինքնաբուժումը տարածված է, սակայն սա առաջին դեպքն է, երբ կենդանիները փորձում են վերքերը միջատներով բուժել։

Կենդանաբանները, Սիմոնա Պիկայի գլխավորությամբ, Լոանգո ազգային պարկում 15 ամիս՝ 2019 թվականի նոյեմբերից մինչեւ 2021 թվականի փետրվարը, հետեւել են շիմպանզեների խմբին: Այս ընթացքում 45 արարածներից 22-ը ստացել են 76 բաց վերք։ 19 դեպքերում տուժած կապիկները վերքերին միջատներ են դրել։ «Պրիմատները բռնել են ինչ-որ միջատի, հետո սեղմել են շրթունքներով եւ դրել նրան վերքի մակերեւույթին։ Ցավոք, մեզ չի հաջողվել բացահայտել այն միջատներին, որոնց կապիկները օգտագործում են որպես դեղամիջոց։ Դրանք ինչ-որ մուգ գույնի թեւավոր միջատներ են, որոնք ապրում են ճյուղերի եւ տերեւների տակ»,- ասում է Պիկան:

Գիտնականները կարծում են, որ միջատները կարող են արտազատել քիմիական միացություններ, որոնք արագացնում են վերքերի ապաքինումը կամ թեթեւացնում ցավը: Հաստատ իմանալու համար լրացուցիչ ուսումնասիրություններ են անհրաժեշտ: