Սիդնեյի լողափին տղամարդը մահացել է ավելի քան 4 մետրանոց մեծ սպիտակ շնաձկան հարձակման հետեւանքով, հայտնում է AP-ն։

«Տղամարդը հարձակման հետեւանքով սարսափելի վնասվածքներ է ստացել, եւ դեպքի վայր ժամանած պարամեդիկները ոչինչ չեն կարողացել անել»,- ասել է Նոր Հարավային Ուելսի շտապօգնության տեսուչ Լաքի Փրահնանը:

Սա 1963-ից հետո շնաձկան առաջին մահացու հարձակումն է Սիդնեյում։

Ոստիկանությունը փակել է Little Bay լողափը՝ շարունակելով տարածքում փնտրել շնաձկանը:

International Shark Attack File-ի հետազոտողների տվյալներով՝ անցյալ տարի Ավստրալիան առաջատար է եղել շնաձկների հետ կապված երեք մահերի թվով, նրան հաջորդում է Նոր Կալեդոնիան՝ երկու դեպքով:

Միացյալ Նահանգներում, Բրազիլիայում, Նոր Զելանդիայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի են ունեցել շնաձկան մեկական մահացու հարձակումներ: Ընդամենը եղել է 11 դեպք։