Անհայտ անձինք ներկել են Գորի քաղաքի մերձակայքում խորհրդային շրջանի դիկտատոր Իոսիֆ Ստալինի՝ վերջերս տեղադրված արձանը, որը գտնվում է Գորիի քաղաքի հարեւանությամբ՝ Վարիանի գյուղում: Այդ մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»՝ հղում անելով «Պիրվելի» հեռուստաալիքին:
Դեպքը տեղի է ունեցել ուշ երեկոյան: Սոցիալական ցանցերում տարածվել են դեպքի վայրից լուսանկարներ: Հայտնի չէ, թե ով է պատասխանատու այդ ակցիայի համար:
Ստալինի արձանը տեղադրվել է մասնավոր տարածքում՝ ռեստորանի հարեւանությամբ, որը պատկանում է Գեորգի Կանդելակիին՝ գործարարին, որը սերտ կապեր ունի «Վրացական երազանք» իշխող կուսակցության հետ:
Լրագրողների հետ զրույցում Վարիանիի որոշ բնակիչներ հայտնել են, որ ողջունում են նախաձեռնությունը, քանի որ իրենց գյուղում «հարգում են Ստալինին»: Խորհրդային դիկտատորի փոքր հայրենիքում այդպիսի տրամադրությունը ոչ բոլորին է հատուկ: Քաղաքացիների մի մասն իրենց կարծիքը հայտնել են սոցիալական ցանցերում: Նրանք հիշեցրել են, որ Վարիանիում է ծնվել գրող եւ լուսավորիչ Յակոբ Գոգեբաշվիլին, եւ «հակավրացական բռնապետի» արձանն իրենց գյուղում չպետք է տեղադրվի:




























