Իտալիայի Իսպանիայի ազգային հետազոտական խորհրդի և Վալյադոլիդի համալսարանի գիտնականներն ականջի ամենահին վիրահատության հետքերով գանգ են հայտնաբերել, գրում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Nature-ը։
Հետազոտողները գանգը գտել են Իսպանիայում՝ Էլ Պենդոնիս հնագույն գերեզմանատան տարածքում, որը գոյացել է մ.թ.ա. 4000 թվականին: Գանգը պատկանել է 35-50 տարեկան մի կնոջ։ Դրա վրա ոսկորներն ախտահարած ականջային վարակի հետքեր եւ տրեպանացիա՝ անցք ձախ ականջի հետեւում եւ դանակի հետքեր են հայտնաբերվել: Ըստ ամենայնի, կինը միջին ականջի սուր վարակ ուներ, որը կարող էր ուժեղ ցավ եւ ջերմություն առաջացնել։ Նման դեպքերում առանց բուժման ականջի թմբկաթաղանթի հետեւում հեղուկ է կուտակվում, ինչը կարող է լսողության կորստի եւ նույնիսկ կյանքին սպառնացող ուղեղային թաղանթների բորբոքման հանգեցնել:
Դատելով ոսկորների վիճակից՝ հիվանդությունն ախտահարել էր երկու ականջները, սակայն գիտնականները վիրահատության հետքեր են հայտնաբերել միայն մի կողմում։ Ենթադրաբար, մյուս ականջի վիրահատությունը կարող էր ավելի վաղ տեղի ունենալ, եւ ոսկորը հասցրել էր աճել։ Ձախ կողմում նույնպես ռեգեներացման նշաններ են հայտնաբերվել:
«Հիմնվելով երկու քունքային հատվածների միջեւ ոսկրերի ռեգեներացման տարբերությունների վրա՝ կարելի է ենթադրել, որ վիրահատությունն առաջին անգամ կատարվել է աջ ականջի վրա՝ միջամտություն պահանջող բավական ծանր պաթոլոգիայի պատճառով, որն ունեցել էր այս նախապատմական կինը», - գրում են հետազոտության հեղինակները:
Առանց անզգայացման նման վիրահատությունն անտանելի ցավոտ կլիներ, եւ, հավանաբար, կինն այնքան ծանր էր հիվանդ, որ նա ողջ մնալու այլ հնարավորություն չուներ: Այժմ տրեպանացիան սովորական պրոցեդուրա է դարձել վիրաբույժների համար, բայց մինչեւ 19-րդ դար այն իրականացվում էր միայն որպես վերջին միջոց եւ հաճախ ավարտվում էր հիվանդի մահով:





























