Ցորենի համաշխարհային արտահանման ավելի քան քառորդ մասը ապահովող երկրների՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունը համաշխարհային գները բարձրացրել է մինչեւ 13 տարվա առավելագույն մակարդակի, ինչը անհանգստացնում է մերձավորարեւելյան երկրներին, որոնք կախված են հիմնական ապրանքների ներմուծումից, գրում է Reuters-ը։

Լիբանանում գնորդները փորձել են նախօրոք հաց պահեստավորել՝ գների բարձրացումից խուսափելու համար, մինչդեռ Եգիպտոսում հացթուխներն ասում են, որ արդեն զգացել են ալյուրի գների աճը:

Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում Ուկրաինայի պատերազմի ազդեցությունը կարող է միլիոնավոր մարդկանց «պարենային աղքատության» հասցնել, ասել է Պարենի համաշխարհային ծրագրի տարածաշրջանային ավագ ներկայացուցիչ Աբիր Էտեֆան:

Տարածաշրջանը հատկապես խոցելի է հիմնական սննդամթերքների գների աճի նկատմամբ՝ տեղական ոչ համարժեք արտադրության եւ աղքատության բարձր մակարդակի պատճառով:

Եմենը, որը գրեթե ամբողջությամբ կախված է պարենի ներմուծումից, իր ցորենի առնվազն 27 տոկոսը գնում է Ուկրաինայից, իսկ 8 տոկոսը՝ Ռուսաստանից, ասել է ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյան եւ ցորեն ներկրողը, ով խնդրել է չհրապարակել իր անունը:

Ըստ Փրկության միջազգային կոմիտեի՝ յոթ տարվա հակամարտությունը վնաս է հասցրել Եմենի տնտեսությանը, խափանելով զբաղվածությունը եւ կրկնապատկելով պարենային ապրանքների գները, ինչի հետեւանքով երկրի 30 մլն բնակչության կեսից ավելին սովի է մատնվել:

Անցյալ տարեվերջին ֆինանսավորման բացակայությունը Պարենի համաշխարհային ծրագրին ստիպել է կրճատել 8 մլն եմենցիների օգնությունը՝ նրանց «սպասվող սովի աղետի» վտանգի ենթարկելով։

Ցորենի համաշխարհային գների հետագա աճի հեռանկարը նշանակում է, որ եմենցիները կարող են ավելի խոցելի լինել, քան երբեւէ, ասել է Աֆրա Ալ-Զուբան, ով ղեկավարում է եմենական ոչ առեւտրային կազմակերպությունը, որն աշխատում է օգնության հասանելիությունը բարելավելու ուղղությամբ:

Եգիպտոսը` աշխարհի ամենամեծ ցորեն ներկրողը, իր ցորենի 90 տոկոսը ներկրում է Ուկրաինայից եւ Ռուսաստանից, եւ պետական պաշտոնյաներն ուշադիր հետեւում են ինչպես հակամարտությանը, այնպես էլ պարենի տեղական գներին:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ Եգիպտոսի 100 մլն բնակչության մեկ երրորդը դեռեւս մինչեւ COVID-19 համավարակը աղքատության շեմից ցածր կենսամակարդակ ուներ, եւ պետությունը հացի գների սահմանափակումներ է մտցնում՝ այն մատչելի դարձնելու համար:

Բայց քանի որ համաշխարհային գները թռել են 2008թ․ ի վեր ամենաբարձր մակարդակին, Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին փետրվարի 16-ին հայտարարել է, որ կառավարությունը 1980-ականներից հետո առաջին անգամ կբարձրացնի սուբսիդավորվող հացի գինը:

Պարենային ապրանքների գների հետագա աճի հեռանկարը սարսափեցրել է գնորդներին Լիբանանում, որտեղ 2019թ․ սկսված խորը տնտեսական ճգնաժամը եւ արժույթի կտրուկ արժեզրկումն արդեն իսկ առաջին անհրաժեշտության շատ ապրանքներ անհասանելի են դարձրել միլիոնավոր մարդկանց համար:

Ոմանք հանգստյան օրերին փորձել են պահեստավորումներ անել՝ առաջիկայում գների աճ սպասելով:

Էկոնոմիկայի նախարար Ամին Սալամը փետրվարի 25-ի ասուլիսում ասել է, որ երկիրը կուսումնասիրի մատակարարման այլընտրանքային տարբերակներ՝ կապված Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ։ Ուկրաինան ապահովում է Լիբանանի ցորենի ներմուծման մոտ 60 տոկոսը: Նա ասել է, որ երկիրը միայն մեկ ամսվա կարիքները բավարարելու պաշարներ ունի: